Ներմուծողների համար ՌԴ-ում կգործեն արտարժույթի փոխարժեքի հատուկ պայմաններ

31.03.2022 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #ներմուծողներ #փոխարժեք
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) խորհուրդ է տվել բանկերին շտկել իրենց մոտեցումները իրավաբանական անձ հաճախորդների համար արտարժույթի առուվաճառքի փոխարժեքները սահմանելու հարցում։

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Կենտրոնական բանկի մարտի 30-ին վարկային հաստատություններին հասցեագրված նամակում։ Մասնավորապես, շուկայի խաղացողներին խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ մոտեցումները կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելիս։

- Ներմուծող ընկերությունների համար, որոնք արտարժույթ են ձեռք բերում ներմուծման պայմանագրերով հաշվարկների համար, բանկում փոխարժեքի առավելագույն շեղումը բորսայական մակարդակից չպետք է գերազանցի 2 ռուբլին:

- Նույն առավելագույն շեղումն առաջարկվում է սահմանել արտարժութային վարկեր կամ եվրապարտատոմսեր ունեցող կորպորատիվ հաճախորդների համար, եթե արտարժույթը ձեռք է բերվում այդ պարտավորությունների մասով։

- Իրավաբանական անձանց համար, որոնք արտարժույթ են ձեռք բերում պետական հատուկ հանձնաժողովի թույլտվությամբ գործարքներ կատարելու նպատակով, ձեռքբերման գինը նույնպես չպետք է գերազանցի բորսայական փոխարժեքն ավելի քան 2 ռուբլով:

Մյուս ընկերությունների համար, ընդհակառակը, առաջարկվում է ընդլայնել դոլարով, եվրոյով եւ ֆունտ ստերլինգով փոխանակման գործարքների սպրեդների միջակայքը (արտարժույթի առուվաճառքի գնի տարբերությունը): Բանկերին առաջարկվում է փոխարժեքները սահմանել բորսայական մակարդակներից առնվազն 10 ռուբլի շեղումով: Այսպիսով, արտարժույթի փոխանակման պայմաններն այս ընկերությունների համար պակաս բարենպաստ կլինեն։

«Բանկերն ինքնուրույն են սահմանում փոխարկման գործարքներով սպրեդի չափը: Այս տարվա փետրվարի վերջին - մարտի սկզբին իրավաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից աժիոտաժային պահանջարկի, ինչպես նաեւ ֆինանսական կայունության պահպանման անհրաժեշտության ֆոնին բանկերը ստիպված եղան ընդլայնել դոլարով եւ եվրոյով գործարքների սպրեդները, այդ տարբերությունը բորսայական փոխարժեքից հասնում էր 20-25 ռուբլու»,- RBC-ին ասել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։

«Ներկայումս իրավիճակն արտարժութային շուկայում աստիճանաբար կարգավորվում է, եւ Ռուսաստանի բանկը հնարավորություններ է տեսնում բանկերին առաջարկելու սպրեդները նվազեցնել մինչեւ 10 ռուբլի, հատուկ պայմաններ են սահմանվել ներմուծողների համար, որոնց մասով սպրեդը բորսայական փոխարժեքից չի գերազանցում 2 ռուբլին»,- հավելել է նա։

ԿԲ-ն առաջարկել է բանկերին փոխել բիզնեսի համար փոխանակման գործարքների պայմանները՝ ֆինանսական շուկայում կայունություն ապահովելու եւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ բանկերի արտարժութային պարտավորությունների «էական աճը» կանխելու համար», ասված է նամակում, որտեղ, սակայն, չի նշվում՝ որքան ժամանակով են ներդրվում ԿԲ-ի այս առաջարկությունները։
Դիտում՝ 3393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW