ԵԿԲ-ն զգուշացնում է կրիպտոարժույթով պատժամիջոցները շրջանցելու մասին

23.03.2022 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քրիստին Լագարդ #կրիպտոարժույթ #պատժամիջոցներ
Ռուսաստանյան ընկերությունները եւ ֆիզիկական անձինք օգտագործում են կրիպտոարժույթները Ռուսաստանի դեմ արեւմտյան ֆինանսական պատժամիջոցները շրջանցելու համար, հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը (WSJ)։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների տակ հայտնված մարդիկ եւ ընկերություններն այժմ փորձում են իրենց ռուբլիները վերածել թվային ակտիվների: Կրիպտոարժույթներով փոխանակվող ռուբլու ծավալը ներկայում ամենաբարձր մակարդակի վրա է 2021 թվականի մայիսից ի վեր, պնդում է Լագարդը։

Եվրոպական իշխանությունները «միջոցներ են ձեռնարկել՝ հստակ ազդակ ուղարկելու» նրանց, ովքեր փոխանակում են կրիպտոակտիվները, փոխանցում կամ առաջարկում են հարակից ծառայություններ, որ նրանք մեղսակից են դառնում պատժամիջոցները շրջանցելու փորձերին, ասել է ԵԿԲ ղեկավարը։

Այն, որ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիները կարող են փորձել օգտագործել կրիպտոարժույթն իրենց շահերից ելնելով, մարտի սկզբին հայտարարեցին Դեմոկրատական կուսակցության ամերիկացի սենատորները, գրել էր WSJ-ն։

Այնուամենայնիվ, Chainalysis ընկերությունը, որը հետեւում է կրիպտոարժույթով գործարքներին, այն ժամանակ չէր հայտնաբերել ռուսաստանցիների կողմից պատժամիջոցները շրջանցելու նկատելի փորձեր, թերթին ասել էր հարթակի ներկայացուցիչը։ WSJ-ի աղբյուրներն այն ժամանակ հայտարարեցին, որ կրիպտոարժույթների շուկան չափազանց փոքր է սահմանափակումների լայնածավալ ազդեցությունը փոխհատուցելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստացել էր վերահսկել արգելված գործարքներ իրականացնելու Ռուսաստանի փորձերը։

Ներդրողներն ամբողջ աշխարհում սկսեցին գումար փոխանցել կրիպտոարժութային հիմնադրամներին՝ պաշտպանվելու Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության հետեւանքով առաջացած ճգնաժամի ֆինանսական հետեւանքներից, Reuters-ին պատմել էին շուկայի մասնակիցները։ Նրանք նշում էին պարտատոմսերից եւ անշարժ գույքի հիմնադրամներից միջոցների վերաբաշխումը դեպի կրիպտոարժույթներ եւ բլոկչեյն:
 


Այս թեմային նախօրեին անդրադարձել էր նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը: Նրա կարծիքով, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարագացնեն կրիպտոարժույթների օգտագործման ուսումնասիրությունը ֆինանսական կարգավորիչների կողմից։ «Մենք պետք է հատկապես զգույշ լինենք անհրաժեշտ կանոնակարգման առումով՝ ապահովելով, որ թվային փողի նոր ձեւերը չշրջանցեն կապիտալի հոսքի վրա սահմանափակումները»,- ասել էր նա:
Դիտում՝ 5409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW