Երեւան /Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը /ՏՄՊՊՀ/ այսօր## “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին”, “Առէկսիմբանկին”, “Բիբլոս Բանկ Հայաստանին”, “Կասկադ Բանկին”, “Հայէկոնոմբանկին”, “Պրոմեթեյ Բանկին”, “Արդշինինվեստբանկին” եւ “Արցախբանկին” նախազգուշացրել է հակամրցակցային պայմանավորվածությունների կապակցությամբ:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահի հայցադիմումի հիման վրա հանձնաժողովը 2008 թվականի մարտի 28-ից Հայաստանի բանկային համակարգում հնարավոր հակամրցակցային պայմանավորվածություների առթիվ վարչական վարույթ էր նախաձեռնել:ԿԲ ղեկավարի հայցադիմումի մեջ նշվում էր, որ հիփոթեքային վարկերի եւ ավտովարկերի տրամադրման ընթացքում բանկերը հաճախորդներին առաջարկել են օգտվել կոնկրետ կազմակերպությունների գնահատման եւ ապահովագրության ծառայություններից, ինչը սահմանափակում է փոխառուների ընտրությունը:Վերլուծության ընթացքում պարզվել է, որ “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի”, “Առէկսիմբանկի” եւ “Բիբլոս Բանկ Հայաստանի” հաճախորդներն օգտվել են բացառապես “Ինգո Արմենիա” ընկերության ապահովագրական ծառայություններից, “Կասկադ Բանկի” հաճախորդները` “Կասկադ Ինշուրանսի”, “Հայէկոնոմբանկի” հաճախորդները` “Սիլ Ինշուրանսի”, “Պրոմեթեյ Բանկի” հաճախորդները` “Նաիրի Ինշուրանսի”, իսկ “Արդշինինվեստբանկի” եւ “Արցախբանկի” հաճախորդները` բացառապես “Ռասկո” ընկերության ապահովագրական ծառայություններից:Ընդ որում, “Հայէկոնոմբանկը” հանդիսանում է “Սիլ Ինշուրանսի”, իսկ “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը”` “Կասկադ Ինշուրանս” ապահովագրական ընկերության համահիմնադիրը:Վերլուծության ընթացքում ՏՄՊՊՀ-ն եկել է եզրահանգման, որ նշված բանկերը անուղղակի համաձայնեցված գործողությունների միջոցով “հորիզոնական պայմանավորվածություններ են ձեռք բերել”` նախապատվությունը տալով որոշակի ընկերությունների: ՏՄՊՊՀ-ն բանկերին հանձնարարել է հետագայում կանխարգելել նման խախտումները, ինչպես նաեւ առաջարկել է ԿԲ-ին տվյալ ոլորտում իրավական հարաբերությունների կարգավորման միջոցներ նախաձեռնել:Հայաստանի բանկերի միության /ՀԲՄ/ եւ “Պրոմեթեյ Բանկի” վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը հանձնաժողովին առաջարկել է ձեռնպահ մնալ նախազգուշացումից, քանի որ ԿԲ նախագահի հայցադիմումից հետո օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի արդյունքում “այդ խնդիրը 90 տոկոսով լուծվել է”: Սակայն ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը նշել է, որ ԿԲ-ից վարույթը դադարեցնելու մասին դիմում չի ստացվել: Tweet Դիտում՝ 5814