Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով##` սահմանելով այն 7.75 %:Թեև 2008 թվականի օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0,7% գնանկում` 12-ամսյա գնաճը ավելանալով 0,8 տոկոսային կետով կազմել է 11,5%, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում: Վերջինս հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով և այդ պարագայում “հացամթերք” ապրանքախմբի գների անփոփոխ վարքագծով` ակնկալվող նվազման փոխարեն: ԿԲ խորհուրդը հաստատեց, որ չնայած օգոստոսին արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ` այնուամենայնիվ Հայաստանի ներքին շուկայի վրա այս միտումները էական ազդեցություն չեն ունեցել: Վերջինս պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ընթացող իրադարձությունների արդյունքում դեպի Հայաստան ապրանքների ներմուծման արգելքների առաջացմամբ, այնպես էլ առանձին ապրանքների շուկաների անկատարությունների հետևանքով ներքին գների դանդաղ արձագանքմամբ: Այդուհանդերձ, եթե դեպի Հայաստան ապրանքների ներմուծման խոչընդոտները շարունակական բնույթ չկրեն, ներքին պահանջարկի աճը լրացուցիչ գնաճային ճնշումներ չի առաջացնի: Հակառակ դեպքում, էական ռիսկ կառաջանա ինչպես գնաճի ավելացման, այնպես էլ երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի նվազման առումով:ԿԲ խորհուրդը, կարևորելով գնաճային սպասումների մեղմման ու նպատակային թիրախից շեղումների նվազեցման խնդիրները և հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների բնույթի և տևականության վերաբերյալ անորոշությունները, մնում է այն համոզման, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա ճշգրտումները գերազանցապես կախված կլինեն առաջիկա ամիսներին տարածաշրջանում տիրող իրավիճակից և այդ պարագայում համաշխարհային շուկաներում ապրանքների գների միտումներին ներքին գների արձագանքման արագությունից և չափից: Tweet Դիտում՝ 5359