ԵԿԲ-ն հայտարարել է Sberbank Europe-ի սնանկության ռիսկերի մասին

28.02.2022 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Sberbank Europe #սնանկություն
Չեխիայի Ազգային բանկն այսօր սկսել է Sberbank Europe բանկային խմբի մեջ մտնող Sberbank CZ-ից («Սբերբանկ Չեխիա») բանկային գործունեության լիցենզիան հետ կանչելու գործընթացը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Ուկրաինայում հակամարտության սրման ֆոնին իրացվելիության իրավիճակից ելնելով՝ հաճախորդների կողմից ավանդների ակտիվ փակման հետ կապված։

Ըստ փաստաթղթի՝ Ազգային բանկը սահմանափակել է Sberbank CZ-ի հասանելիությունը ակտիվներին, ներառյալ՝ վարկեր տրամադրելու եւ հաճախորդներից ավանդներ ընդունելու գործունեությունը: Մինչեւ €100 հազարի ավանդները, համաձայն չեխական օրենսդրության, ապահովագրված են, եւ դրանք ամբողջությամբ կվճարվեն բանկի հաճախորդներին։

***
Միաժամանակ, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ սերբական AIK Banka-ն հայտարարել է, որ փակել է Sberbank Srbija-ն (Sberbank Europe-ի մաս) գնելու գործարքը:

AIK Banka-ն գործարքի թույլտվություն է ստացել Սերբիայի Ազգային բանկից եւ իրավասու կարգավորիչ մարմիններից՝ այդպիսով կատարելով Sberbank Srbija-ի սեփականության իրավունքը ձեռք բերելու բոլոր պայմանները:

Sberbank Europe-ը ներկայացված է Ավստրիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Խորվաթիայում, Չեխիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Սլովենիայում եւ Սերբիայում:

Եվրոպական կենտրոնական բանկն (ԵԿԲ) այսօր ավելի վաղ հայտարարել էր Sberbank Europe AG-ի (ռուսաստանյան «Սբերբանկի» դուստր ընկերություն) եւ Խորվաթիայում ու Սլովենիայում իր ստորաբաժանումների սնանկության ռիսկերի մասին՝ աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման պայմաններում իրացվելիության խնդիրների պատճառով:

ԵՄ բանկային հատվածի խնդիրների կարգավորման միասնական խորհուրդը (Single Resolution Board) 24-ժամյա մորատորիում է հայտարարել Sberbank Europe AG (Ավստրիա), Sberbank d.d. (Խորվաթիա) եւ Sberbank banka d.d. (Սլովենիա) գործունեություն իրականացնելու վրա։
Դիտում՝ 5013

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW