Հայ տեքստիլագործները կհամագործակցեն լիտվացի գործընկերների հետ

12.02.2022 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #տեքստիլ #Լիտվա
Փետրվարի 11-ին մեկնարկ է տրվել «Կանաչ տեքստիլ Եվրոպայի կայուն տնտեսության համար» ծրագրի նախապատրաստական աշխատանքներին։

Ծրագիրը մեկնարկել էր 2021 թվականի դեկտեմբերի 1-ին, այն իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) ու Լիտվայի Հագուստի եւ տեքստիլ արդյունաբերության ասոցիացիայի կողմից։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների մրցակցային կարողությունների հզորացմանը, բարելավել շուկաների հասանելիությունը, խթանել Հայաստանի, Լիտվայի, ինչպես նաեւ ԵՄ շուկայի տեքստիլ ոլորտի ՓՄՁ-ների միջեւ կապերը։

Առաջին փուլով նախատեսված է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, հանդիպումներ ու գործարար կապերի ստեղծում, ինչին կհաջորդի համատեղ գործակցությունը։

Նախօրեին ՀԱԳՄ-ում կայացել է կլոր սեղան-սեմինար, որին մասնակցել են, ինչպես նաեւ հեռավար կապով հետեւել են ծրագրի շահառու հանդիսացող կազմակերպությունները։

Նշվել է, որ թեեւ գրեթե Հայաստանի չափ բնակչություն ունեցող Լիտվայում ապրում է Եվրամիության (ԵՄ) բնակչության ընդամենը 0,5%-ն, այդուհանդերձ, ԵՄ անդամ 28 երկրների շարքում տեքստիլի եւ հագուստի ոլորտում այն զբաղեցնում է 13-րդ տեղը։

Լիտվայում ոլորտի շրջանառությունը կազմում է €941 միլիոն, արտահանումը՝ €815 միլիոն։ Այս առումով լիտվացի գործարարների փորձը կարող է շահեկան լինել հայ գործընկերների համար եւ զարգացնել տեղական ՓՄՁ-ների կարողությունները։



Հայկական եւ լիտվական ՓՄՁ-ների միջեւ գործարար կապերը կիրականացվեն B2B ձեւաչափով։ Կլինեն ինչպես առկա, այնպես էլ առցանց հանդիպումներ։ Գործընկեր երկրներում կկազմակերպվեն Հայաստանի եւ Լիտվայի թեթեւ արդյունաբերության ոլորտի արտադրանքի ցուցադրություն, գործարար հանդիպումներ եւ աշխատաժողովներ։

Առաջիկա մարտին նախատեսվում է Լիտվայի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ  ապրիլին ՀԱԳՄ պատվիրակությունը կմեկնի Լիտվա: Այս այցերի շրջանակում կատարված աշխատանքի արդյունքում ակնկալվում է ունենալ կնքված հուշագրեր ու պայմանագրեր:

Ձեռք բերված արդյունքները շարունակական դարձնելու նպատակով կստեղծվի Լիտվայի եւ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի գործարարների էլեկտրոնային տեղեկատվական հարթակ, որը կօգնի համապատասխանեցնելու ներգրավված ընկերությունների առաջարկը եւ պահանջարկը, կմշակվի նաեւ «Արտահանողի ուղեցույց» ձեռնարկը:

ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հավաստիացրել է, որ Միությունը պատրաստ է զորակցել ծրագիրը շարունակական դարձնելու համար։
Դիտում՝ 2414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW