Հայկական կտոր. 6 հաստոց՝ երբեմնի 1200-ի փոխարեն
18.12.2021 | 10:04
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս













Այնուամենայնիվ, Հայաստանում այսօր էլ կտոր արտադրվում է, սակայն վերջնական մշակման չի ենթարկվում: Banks.am-ը զրուցել է կտորի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռներեց Անդրանիկ Խաչատրյանի հետ, որը պատմել է հայկական գործվածքի ու Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման խոչընդոտների մասին:
6 հաստոց՝ երբեմնի 1200-ի փոխարեն
«35 տարի առաջ Մոսկվայում հերթ կանգնեցի, որպեսզի եղբորս երեխու համար կոշիկ գնեմ: Հետո պարզվեց, որ մեր Մասիսի արտադրանքն է»,- Սովետական Հայաստանի արտադրական հնարավորությունների մասին հիշելիս ասում է տեքստիլ արդյունաբերության մասնագետ Անդրանիկ Խաչատրյանը:
Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում, եղել է գործվածքային արտադրամասի պետը: 2006 թվականից էլ կտորի սեփական արտադրությունն է հիմնել ու մինչ օրս շարունակում է աշխատեցնել:
«Իմ արտադրությունը շատ փոքր է, սա ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է համեմատած այն տեքստիլ արդյունաբերության հետ, որն ունեինք: Մետաքսի կոմբինատում 1000-1200 հաստոց կար, 3000 աշխատակից ունեինք, իսկ հիմա ես 6 հաստոցով եմ աշխատում: Սա շատ կարճ արտադրական ցիկլ է»,- բացատրում է Անդրանիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ տարածքը վարձակալված է, կարգի բերելու իմաստ չի տեսնում, նոր ներդրումների համար էլ ոչ ֆինանսներն են ներում, ոչ էլ տարիքը: Արտադրամասում Անդրանիկն ու կինն են աշխատում եւ եւս 2 երկու աշխատակից ունեն:
«Բանվորն էլ եմ ես, տեխնոլոգն էլ եմ ես, մեխանիկն էլ եմ ես: Նաեւ կտորե պայուսակներ ենք կարում, կտորը ես ձեւում եմ, կինս՝ կարում: Թե չէ այսօր ոչ մի երիտասարդ չի ուզում ջուլհակ դառնալ, ենթավարպետ կամ տեխնոլոգ դառնալ»:
Անտեսելով տեղականը
Ձեռներեցը շատ է ափսոսում, որ նախկին գործարաններն այլեւս չկան: Նրա խոսքով՝ մինչեւ 1998 թվականը բանակի արտահագուստի կտորը տեղում էր արտադրվում: Հետո որոշում է կայացվել, որ պետք է Չինաստանից ներկրել:
«Հասկանալի է, որ դրսից բերելով իրենք գումար էին դնում իրենց գրպանը, թե չէ ինչու պետք է 1992 թվականից մինչեւ 1998 թվականը պետությանը մեր արտադրանքը բավարարեր, իսկ հետո հանկարծ էլ ձեռք չտար: Թեկուզ չինականից մի փոքր էլ վատը լիներ, բայց եթե պետությունը ֆինանս դներ, կզարգանար ու բոլոր հարցերն էլ ընթացքում կկարգավորվեին: Այդպես էլ ոչնչացավ մեր տեքստիլ արդյունաբերությունը»,- մանրամասնում է Անդրանիկ Խաչատրյանը:
Մշակման արտադրության չկա
Ցանկացած կտոր հաստոցից դուրս գալուց հետո պետք է մշակում անցնի, որպեսզի լվացման եւ եփման գործընթացում ստանա իր վերջնական ապրանքային տեսքը: Հայաստանում չկա նման արտադրություն, այդ պատճառով էլ հայկական կտորն այս պահին զուտ տեխնիկական նշանակության է, հագուստի համար նախընտրելի չէ:
«Գործվածքի մշակման արտադրությունը ներառում է նաեւ ներկման գործընթացը: Սա, իհարկե, բարդ արտադրություն է, բայց եթե լինի, նույն չինական կտորը, որ ներկրում են բանակի համար, այստեղ կկարողանանք արտադրել ավելի բարձր որակով. չինական կտորում սինթետիկան ավելի շատ է: Մեր կտորը մաքուր բամբակ է՝ չհաշված 10 տոկոս քիմիական մանրաթելը, որ բամբակյա կտորների տեխնոլոգիայում պարտադիր է՝ գործվածքի էլաստիկության համար»,-մանրամասնում է Անդրանիկ Խաչատրյանը:
Հումքը՝ հայկական եւ չինական
Անդրանիկը վերջին տարիներին ոլորտում շարժ է նկատում. «Լենտեքս» ՍՊԸ-ն է արագ զարգանում, Մարալիկում բամբակամանվածքային գործարանն էլ ոլորտը թելի հումքով է ապահովում:
«Երբ ես նոր էի սկսել արտադրությունը, Հայաստանում հումք չկար: Գնում առնում ու բերում էի այն թելերը, որ դեռ մնացել էին հին հաստոցների վրա: Մի պահ թուրքական թել մտավ շուկա, որոշ ժամանակ ստիպված էինք դա օգտագործել, բայց լավ էր, շուտ դուրս մղվեց:
Հետո անցանք չինականին, որը թուրքականից ավելի որակյալ ու մատչելի է: Հիմա էլ հումքի մի մասը Մարալիկի գործարանից ենք վերցնում, սակայն երկտակ թելի տեսակ իրենք չունեն, դա էլ չինականն ենք օգտագործում»:
Խոչընդոտներ
Ձեռներեցի կարծիքով՝ Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման խոչընդոտներից է նաեւ մասնագետների պակասը:
«Սա ծանր արտադրություն է, եթե մասնագետ չեղար, հաստատ գլուխ չես հանի: Հիմա նման կադրեր կարծես թե չեն էլ պատրաստում»,- ասում է Անդրանիկը:
Նրա խոսքով՝ ներկայիս խնդիրներից է նաեւ այն, որ մարդիկ չեն ուզում աշխատել:
«Մարդիկ ուզում են միանգամից մեծ փողեր աշխատել, կամ էլ ինքնասիրությունները կորցրած սպասում են, որ իրենց գան ու պատրաստի մի բան նվիրաբերեն: Շատ ափսոսում եմ, որ այս տեխնոլոգիական դարաշրջանում, երբ երիտասարդությունը գրագետ է, տնտեսությունը դրանից չի զարգանում:
Մեզ մոտ շարունակում է գործել միայն ներմուծում-վաճառք ձեւաչափը՝ արտադրության եւ արտահանման փոխարեն»:
Արտադրանքի իրացումը
Արտադրանքի մեծ մասը արդյունաբերական ձեռնարկություններին են վաճառում, նաեւ տպարաններն են օգտագործում՝ հիմնականում հաստոցները սրբելու նպատակով:
Թեեւ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքով հայկական կտորե պայուսակների պահանջարկն ավելանում է, սակայն սուպերմարկետների հետ աշխատանքում խոչընդոտներ կան:
«Մենք աշխատում ենք շրջանառության հարկով, իսկ սուպերմարկետները՝ ավելացված արժեքի հարկով: Օրենքի թերության պատճառով համագործակցել չի ստացվում»,- պարզաբանում է Անդրանիկը:
Ձեռնարկատիրոջ համար արտադրանքի իրացումը շարունակում է խնդիր լինել: Ասում է՝ այս փոքր արտադրամասում 20-22 հազար մետր կտորը գետնին մնալու իրավունք չուներ: Խանութների հետ էլ գրեթե չեն աշխատում. խաբեբայությունը շատ-շատ է:
«Եթե ես 100, 150 դրամ եմ մետրի մեջ մտնում, խանութներ կան, որ գինը 1200 դրամ ավել են դնում: Ես մատչելի եմ տալիս, որ մեր ժողովրդին ձեռնտու լինի ու քանակի վրա աշխատենք, իսկ իրենց արածն անխղճություն է: Միայն մի խանութ կա Shopping City առեւտրի կենտրոնում՝ «Ուստա փիսո», հիմա միայն իրենց հետ եմ աշխատում, որովհետեւ բարեխիղճ են: Փոքր քանակով արտադրանքը գնել ցանկացողները այնտեղից կարող են ձեռք բերել թե´ կտորները, թե´ կտորե պայուսակները»,- մանրամասնում է ձեռներեցը:
«Ուստա փիսո» գործվածքների խանութից Banks.am-ին հայտնեցին, որ հայկական կտորները բավականին լավ են վաճառվում հատկապես երբ գնորդներն իմանում են ապրանքի հայկական ծագման մասին: Կտորները գնում են հիմնականում պայուսակներ, բանվորական հագուստ կարելու համար: Գործվածքի հիմնական գնորդներից է նաեւ «Բեհէզ» հայկական հագուստի բրենդը: Վերջերս խանութը հայկական կտորը ներկայացրել է նաեւ Մոսկվայում տեղի ունեցած ցուցահանդեսում՝ փորձելով ամեն կերպ առաջ տանել հայկական արտադրանքը:
Անդրանիկ Խաչատրյանի հետ համագործակցել ցանկացողները կարող են կապվել նրա հետ հետեւյալ հեռախոսահամարով՝ 093 49 64 17:
Գայանե Ենոքյան
Վերջին լուրեր
06.04.2025 | 22:30 Հոդվածներ
Visa-ի ու Mastercard-ի լուսաբանումը Հայաստանում 2025թ. I եռամսյակում
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: