Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արցախում սոցիալական եւ ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը նվիրված խորհրդակցություն:Խորհրդակցությանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին, 2021 թվականին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը:«Մենք Արցախի հետ մեր համագործակցության շատ կարեւոր փուլում ենք: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարությունը շատ ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Եվ, եթե ես ճիշտ եմ հիշում, Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչն, ըստ էության, բնական է, որովհետեւ հետպատերազմական վերականգնումը, նախ, շատ կարեւոր է եւ, բնականաբար, շատ ջանքեր պիտի մեզնից պահանջի: Եվ ես սա բնականոն եմ համարում: Շատ կարեւոր է, եւ մենք բազմիցս ենք քննարկել, որ հընթացս զուտ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից անցնենք զարգացման տրամաբանության եւ փորձենք մեր համագործակցությունը տեղավորել հենց այս տրամաբանության մեջ, որ զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանն նշել է նաեւ, որ «սոցիալական իրավիճակը ոչ միայն Արցախում, Հայաստանում մեր երազածի նման չէ, բայց խոսքը գնում է, ընդհանուր առմամբ, իրադրության կառավարելիության մասին»: «Մանավանդ այսօր շատ է քննարկվում նաեւ սոցիալական իրավիճակը, գնաճը. քովիդով պայմանավորված, ըստ էության, գլոբալ երեւույթ է, եւ մենք չենք կարող առանձին վերցրած դիտարկել խնդիրը: Մեր այս ամեն ինչին ավելացան նաեւ պատերազմը, պատերազմի հետեւանքները: Եվ այդ առումով կարող ենք արձանագրել, որ առնվազն մենք իրադրությունը համատեղ ջանքերով կարողացել ենք որոշակի կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան»,- ասել է Հայաստանի վարչապետը:Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ 2022 թվականի համար տրամադրված 140 մլրդ դրամով կհաջողվի լուծել առկա խնդիրները՝ ոչ միայն բնակարանաշինության ոլորտում: «Արդեն 300 բնակարան ավարտված է եւ հանձնված է հիմնականում տեղահանված զոհվածների ընտանիքներին եւ երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունը սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան մենք հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել ենք, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսենք 2022 թվականին: Այսինքն՝ այդ 5000 բնակարանային շինարարության ծրագրով մենք հիմնականում նաեւ հին ֆոնդերում, որտեղ չեն ապրում, դրանք էլ վերագործարկելով լուծելու ենք այն խնդիրը, որը մեր առջեւ դրել ենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ Արցախում մեկնարկել են «հավակնոտ ծրագրեր»՝ կառուցվում է Բադարա-Ստեփանակերտ խողովակաշարը, որն ամբողջությամբ լուծելու է ոչ միայն Ստեփանակերտի որակյալ խմելու ջրի հարցը, այլ նաեւ այդ կառուցվող բնակավայրերի, որոնց մի մասը գտնվում է Ստեփանակերտի հարակից տարածքներում: «Զուգահեռ արդեն սկսված են Բադարայի ջրամբարի աշխատանքները, որն անկախ Արցախի պատմության մեջ աննախադեպ երեւույթ է: Ավարտման փուլում են Սովետար կոչվող ջրանցքի աշխատանքները, որը լրացուցիչ 3000 հեկտար ոռոգման հնարավորություն է տալու: Եվ զուգահեռ, այդ թվում նշեցիք՝ տնտեսական ծրագրերի իրականացման առումով, մեր աշխատանքներն ենք կատարում բազմաթիվ արտեզյան ջրհորների առումով, որպեսզի գյուղատնտեսությունը, որը պիտի դառնա մեր ընդհանուր տնտեսության լոկոմոտիվը, շարժվի առաջ»,- ասել է Արցախի նախագահը: Tweet Դիտում՝ 4220