Անդրեյ Մկրտչյան. ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակությունը պատիվ է մեզ համար

20.01.2022 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Անդրեյ Մկրտչյան #ՎԶԵԲ
Այսօր Ամերիաբանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ստորագրեց 25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման պայմանագիր:

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանն «անչափ կարեւոր է» գնահատել այս գործարքն՝ ընդգծելով, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շարունակությունը պատիվ է,  հատկապես բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման ճանապարհին:

«Մեր հարաբերությունները ՎԶԵԲ-ի հետ պարզապես ֆինանսական համագործակցություն չեն, այլ ռազմավարական գործընկերություն, որն արդեն 10-ամյակից ավելի պատմություն ունի: Այն սկսվել է դեռեւս 2010թ., աստիճանաբար զարգացել, ինչի արդյունքում ՎԶԵԲ-ը ներդրում է կատարել Ամերիաբանկի բաժնետիրական կապիտալում` բաժնետերերի շարքում դառնալով առաջին միջազգային ֆինանսական հաստատությունը»,- նշել է Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահը:

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի համար սա շատ կարեւոր նախագիծ է, «որն, անշուշտ, կունենա համապարփակ ազդեցություն»: Անդրեյ Մկրտչյանը հավաստիացնել է, որ Ամերիաբանկը կգործադրի առավելագույն ջանք` միջոցների արագ, արդյունավետ եւ հաջող տեղաբաշխում կազմակերպելու նպատակով` հօգուտ հայկական բիզնեսի եւ մասնավորապես ձեռներեցությամբ զբաղվող կանանց եւ ՓՄՁ-ների:

Իր հերթին ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն ասել է, որ իրենց համար Ամերիաբանկի հետ երկարամյա գերացանց հարաբերություններ ունենալը նույնպես շատ հաճելի է: Նրա խոսքով՝ ծրագիրն ունի երեք շատ կարեւոր բաղադրիչ:

Դա «Կանայք բիզնեսում» ծրագիրն է, որն աջակցում է կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին` նրանց համար բարելավելով ֆինանսավորման հասանելիությունը: Երկրորդ բաղադրիչը ՓՄՁ-ների մրցունակության խթանումն է, քանի որ մենք օգնելու ենք տեղական ՓՄՁ-ներին ապահովել ԵՄ չափանիշներին, այդ թվում` «կանաչ» բաղադրիչի պահանջներին համապատասխանությունը: Եվ երրորդը ՓՄՁ-ների ֆինանսավորումն է, քանի որ մենք Հայաստանում ընդլայնելու ենք ՓՄՁ-ների վարկավորման ծավալները:  

«Մենք շատ ուրախ ենք աջակցել ծրագրի իրագործմանը: Շնորհակալ ենք մեր դոնորներին` Շվեդիային եւ ԵՄ-ին` այս համատեղ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Մենք կհետեւենք ՓՄՁ բոլոր նախագծերին, որոնք իրականացվելու են ողջ երկրով մեկ»,- նշել է ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենը:

Իսկ Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ այսօր միավորմում են ջանքերը` Հայաստանում գործող ՓՄՁ-ներին աջակցելու եւ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում ֆինանսավորում տրամադրելու ուղղությամբ:

«Մեր փորձը ցույց է տալիս, որ ձեռներեց կանայք մեծ դեր ունեն նոր աշխատատեղեր ստեղծելու եւ տնտեսական աճը խթանելու գործում: Հետեւաբար, համոզված ենք, որ «Կանայք բիզնեսում» ծրագիրը ոչ միայն գենդերային խնդիրներ է լուծելու, այլեւ զգալի տնտեսական ազդեցություն է գործելու: Այս միջոցները մեզ անհրաժեշտ են Հայաստանում գործող ՓՄՁ-ներին ֆինանսավորում տրամադրելու համար: 25 միլիոն դոլարից 10-ն ուղղվելու է  «Կանայք բիզնեսում» ծրագրի իրագործմանը: Այն ունենալու է նաեւ տեխնիկական բաղադրիչ, որը ֆինանսավորվելու է Եվրոպական միության եւ Շվեդիայի կողմից»,- նշել է բանկի ղեկավարը:



Միջոցառմանը ներկա Երեւանում Շվեդիայի դեսպանության քաղաքական եւ տնտեսական/առեւտրային հարցերով աշխատակից Դավիթ Դիլանյանը տեղեկացրել է, որ Շվեդիան աջակցում է ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» ծրագրին 2014 թվականից ի վեր՝ չնայած, որ կանանց տնտեսական հզորացման եւ գենդերային հավասարության գաղափարները Շվեդիայում շատ ավելի վաղ են ներդրվել:

«Այս համատեքստում կցանկանայի նշել, որ Շվեդիան առաջնորդվում է ֆեմինիստական քաղաքականությամբ, ինչը նշանակում է, որ գենդերային հավասարությունը եւ կանանց հզորացումը առանցքային եւ կենտրոնական դեր են խաղում այն բոլոր աշխատանքներում, որ զարգացմանն ուղղված համագործակցության շրջանակում մենք իրականացնում ենք աշխարհի տարբեր մասերում, այդ թվում` Հայաստանում: Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, մինչ տնտեսություններն սկսում են վերականգնվել, առաջանում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական հետեւանքներ, որոնց թվում են աղքատությունն ու գործազրկությունը: Այս առումով ՓՄՁ-ները կենսական դեր են խաղում տնտեսությունների վերափոխման եւ վերականգման գործում:

Վստահ ենք, որ ՎԶԵԲ-ի նոու-հաուն, գործիքակազմը եւ հմտությունները, որոնք թույլ կտան կապիտալի եւ ֆինանսական շուկաներին հասանելիություն ստանալ, էական նշանակություն կունենան Հայաստանի համար: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում իրականացվում է ՎԶԵԲ-ի այս ծրագիրը : Այս առումով ավելի կայուն ազդեցություն ունենալու համար անհրաժեշտ է տեղական շուկայի ներկայացուցչի ներգրավվածությունը: Ուրախ ենք, որ տեղական շուկայում ունենք գործընկեր` ի դեմս Ամերիաբանկի, որն ունի ծավալուն պորտֆել եւ նման ծրագրեր է իրականացնում: Սա թույլ կտա Հայաստանի ներկայացուցչի ներգրավվածությունը դարձնել իրականություն: Որպես ամփոփում` ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ: Մենք գնահատում ենք այն, ինչ ՎԶԵԲ-ն անում է Հայաստանում, եւ ձեզ հաջողություն ենք մաղթում»,-իր ելույթում ասել է Դավիթ Դիլանյանը:



Ամերիաբանկի Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանի գնահատմամբ՝ «սա պատմական իրադարձություն է, քանի որ վարկը տրամադրվում է մեր բաժնետիրոջ կողմից, ինչը մեր հանդեպ ունեցած վստահության ապացույցն է մեր բոլոր գործընկերների, ավանդատուների եւ հաճախորդների համար:

Հենց դա էլ մենք առավել շատ ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցելիս: Մյուս կողմից, միավորվելով շուկայի առաջատարի հետ` ՎԶԵԲ-ը կընդլայնի իր ներկայացվածության շրջանակը մեր երկրում՝ ապահովելով հենց այն փոփոխությունները, որոնք մենք միասին ցանկանում ենք կատարել Հայաստանում»,- ընդգծել է Արա Սարգսյանը:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է եւ առաջին տեղն է զբաղեցնում իր ակտիվներով, վարկային պորտֆելով, ինչպես նաեւ հաճախորդների հաշիվներով ու ավանդներով: 1 տրիլիոն ՀՀ դրամը գերազանցող ակտիվներով` Ամերիաբանկը խոշոր ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ: Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ`
Ամերիաբանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ իր բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: Բանկը հավատարիմ է պատասխանատու բիզնես վարելու եւ Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն ապագա զարգացնելու իր հանձնառությանը: 2015թ.-ից ՎԶԵԲ-ը հանդիսանում է Ամերիաբանկի բաժնետեր եւ ունի 17,8 տոկոս բաժնեմաս։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,51 միլիարդ եվրո 189 ծրագրում՝ երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում, ընդ որում այդ ներդրումների 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսները եւ ճակատագրերը: Միասին նրանք կառուցել են կայունության, ժողովրդավարության եւ կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը եւ անհատի հիմնարար ազատությունները:

Եվրոպական միությունը հավատարիմ է իր սահմաններից դուրս գտնվող երկրների եւ ժողովուրդների հետ իր ձեռքբերումներն ու արժեքները կիսելու հանձնառությանը:
Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի դոնորներն են Իտալիան, Ճապոնիան, Կորեան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թայվան Բիզնես–ՎԶԵԲ Տեխնիկական համագործակցության հիմնադրամը եւ Միացյալ Նահանգները:

Դիտում՝ 5777
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW