Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն է տրամադրում Ամերիաբանկին 25 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով՝ հայաստանյան մասնավոր բիզնեսներին վարկեր տրամադրելու նպատակով: Ֆինանսավորման այս փաթեթի շրջանակներում Ամերիաբանկը կստանա 10 մլն ԱՄՆ դոլար «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրի ներքո՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) տեղական արժույթով վարկեր տրամադրելու նպատակով։ Ծրագիրը համատեղում է ֆինանսավորումը, տեխնիկական աջակցությունը, ռիսկերի նվազեցումը՝ ծածկելով տեղական ֆինանսական հաստատությունների առաջին կորուստները Փոքր բիզնեսի ազդեցության հիմնադրամի աջակցությամբ, եւ խորհրդատվական ծառայությունները բիզնեսի համար՝ կանանց կողմից ղեկավարվող ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով։ Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայությունները համատեղ ֆինանսավորվում են Եվրոպական միության (ԵՄ) եւ Շվեդիայի կառավարության կողմից:Լրացուցիչ 10 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի տեղական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացմանն աջակցելու նպատակով։ Ամերիաբանկը նաեւ կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում, որին աջակցում է ԵՄ-ն՝ արտահանման ներուժ ունեցող տեղական ՓՄՁ-ներին վարկեր տրամադրելու նպատակով՝ տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխան արդիականացնելուն ու, միաժամանակ, կանաչ տեխնոլոգիաների կիրառումը խթանելուն ուղղված ներդրումների համար: Նշենք, որ ԵՄ-ն Բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծը առաջատար նախաձեռնություն է, որն օգնում է տեղական ընկերություններին բարելավել իրենց մրցունակությունը երկրի ներսում եւ արտերկրում՝ արդիականացնելով իրենց արտադրական հզորությունները եւ գործընթացները ԵՄ չափանիշներին համապատասխան։ Վարկային միջոցների առնվազն 70 տոկոսը կհատկացվի «կանաչ» տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման համար՝ համաձայն ՎԶԵԲ-ի՝ Անցում դեպի կանաչ տնտեսություն (GET) մոտեցմանը։ Վարկառուները կարող են ստանալ խրախուսական դրամաշնորհներ եւ տեխնիկական խորհրդատվություն՝ երկուսն էլ ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից ԵՄ-ն Բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում։ Tweet Դիտում՝ 5169