Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կանխատեսումների համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3,1%, ասել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան։«Չնայած ԵԱՏՄ տնտեսությունները նախորդ տարի բավականին ակտիվ վերականգնվում էին եւ հասան նախահամավարակային մակարդակին, այս տարի հանձնաժողովի փորձագետները կանխատեսում են աճի դանդաղում։ Սպասվում է, որ Միության ՀՆԱ-ի աճը 2022 թվականին կկազմի 3,1%։ Դա կլինի վերականգնողական աճի ավարտի, հարկաբյուջետային քաղաքականության խթանող միջոցների աստիճանական կրճատման եւ երկրների դրամավարկային քաղաքականության խստացման հետեւանքը»,- Մալկինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Նաեւ Միության երկրների տնտեսական աճի վրա միջնաժամկետ հեռանկարում բացասաբար կազդի ներդրումային ակտիվության ցածր մակարդակը, ասել է Մալկինան։ Բացի այդ, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար «գնաճային ռիսկերը մնում են բարձր՝ պայմանավորված պարենային ապրանքների եւ հումքի համաշխարհային գների աճով, խթանող հարկային միջոցների երկարաձգմամբ եւ ազգային արժույթների արժեզրկմամբ»։Ըստ ԵՏՀ պաշտոնական ներկայացուցչի՝ ԵԱՏՄ երկրներում միջին տարեկան գնաճը 2021 թվականի արդյունքներով գնահատվում է 6,1% (2020 թվականին գնաճը կազմել էր 3,9%)։Բացի այդ, Միության մասնակից բոլոր երկրների համար դեռեւս պահպանվում են COVID-19-ի տարածման նոր ալիքների եւ համաշխարհային ֆինանսական շուկաներում հնարավոր ցնցումների բավական բարձր ռիսկերը՝ կապված աշխարհի առաջատար երկրների կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հետ, ավելացրել է Մալկինան:«Դեկտեմբերի վերջին ԵՏՀ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւը նշել էր, որ 2021 թվականի արդյունքներով ՀՆԱ-ի աճը ԵԱՏՄ-ում կկազմի 4,1%»,- հիշեցրել է գործակալությունը։ Tweet Դիտում՝ 3076