Երեւանում բենզինի դեֆիցիտ է առաջացել է Վրաստանում տիրող իրավիճակի հետեւանքով
12.08.2008 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. Երեւանյան շատ բենզալցակայաններ դադարեցրել են բենզինի վաճառքը վառելիքի բացակայության պատճառով##:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, երեւանյան որոշ բենզալցակայաններ այսօր փակ են, իսկ օգոստոսի 11-ի երեկոյան Երեւանում բենզալցակայանների մեծ մասը յուրաքանչյուր գնորդին վաճառում էր 10 լիտրից ոչ ավել բենզին:
«Ֆլեշ» ընկերության մարքեթինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Ելչյանն այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի համար նախատեսված բենզինով բեռնված վագոնները երկար ժամանակ է մնում են Վրաստանի տարածքում, քանի որ վրացական կողմը մտավախություն ունի, որ պայթյունավտանգ բեռները կարող են ռմբակոծման ենթարկվել:
Նա տեղեկացրել է, որ ներկայումս վառելիքը Հայաստան է հասնում մեծ դժվարությամբ, ինչի հետեւանքով պակասորդ է առաջացել:
«Այսօր մեզ հաջողվել է 500 տոննա բենզին ներկրել. Վրաստանի տարածքում այս պահին մնում է եւս 3000 տոննա, որի առաքումը դեռեւս հետաձգվում է»,- ասել է Մուշեղ Ելչյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության խնդրանքով մեկնաբանելով բենզակցակայանների կողմից վառելիքի սահմանափակ քանակի վաճառքի պատճառները, Մուշեղ Ելչյանն ասել է, որ «այդպիսով ներկրողները ձգտում են խուսափել բարձր գնով վերավաճառքից»: Նրա խոսքերով, «Ֆլեշ» ընկերության բենզալցակայաններն այժմ ամբողջությամբ են լիցքավորում ավտոտրանսպորտային միջոցների բաքերը, բայց տարաներով բենզին չեն վաճառում:
Մուշեղ Ելչյանը նկատել է, որ նախորդ օրվա ընթացքում ընկերությունը սովորականից 2,5 անգամ ավելի շատ բենզին է վաճառել: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանում բենզինի գնի աճ չի սպասվում: «Ընդհակառակը, իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր է բենզինի գնի իջեցում` համաշխարհային շուկաներում նավթի գնի անկման հետեւանքով»,- ասել է Մուշեղ Ելչյանը:
Հայաստան բենզին ներկրող «Միկա» կորպորացիայի մամլո ծառայությունում եւս տեղեկացրել են, որ վառելիքով բեռնված վագոնները մնում են Վրաստանի տարածքում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ Հայաստանում ավտոմեքենաների մոտ կեսը որպես վառելիք օգտագործում է բնական գազը: Մասնավորապես, բնական գազով են աշխատում բոլոր տաքսիներն ու երթուղային տաքսիները, ինչպես նաեւ բազմաթիվ մասնավոր ավտոմեքենաներ: «ՀայՌուսգազարդ» ընկերության մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ գազալցակայաններին գազի մատակարարման ծավալներն առայժմ չեն կրճատվել:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: