Թուրքիայի ֆինանսների նախարարությունն անցած շաբաթ աշխատել է «լիրայի փրկության» հավակնոտ, բայց ռիսկային ծրագրի վրա:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ, այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության աղբյուրները: Այն գործարկելու համար կառավարությունը սահմանել է «կարմիր գիծ»՝ մեկ դոլարի դիմաց 18 թուրքական լիրա «անհեթեթ» շեմը, նշել են աղբյուրները։ Ֆինանսների նախարարությունում որոշել են, որ լիրայի արժեզրկումը այդ մակարդակից ավելի կվնասի տնտեսությանը, ինչը «դժվար կլինի շտկել», ասել է բարձրաստիճան պաշտոնյան:Դեկտեմբերի 20-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրով նախատեսված է ստեղծել ֆինանսական գործիքներ, որոնք կպահպանեն բնակչության խնայողությունները լիրայով՝ ավանդատուներին փոխարժեքի տարբերությունների փոխհատուցման միջոցով: «Դոլարի գնի բարձրացումը կարտացոլվի լիրայով արտահայտված ավանդներում։ Եթե արտարժույթի եկամտաբերությունը լինի ավելի ցածր, քան ավանդի հասույթը, ապա տարբերությունը կվճարի անմիջապես պետությունը»,- ասել էր նա։ 20.12.2021 | 11:58 Գործարարները կոչ են արել Էրդողանին հրաժարվել հիվանդագին տնտեսական մոդելից Թուրքիայի բանկերի ասոցիացիայի վարչության նախագահ Ալփասլան Չաքարը պարզաբանել է՝ ինչպես է աշխատելու համակարգը։ Նրա խոսքով՝ այն օրը, երբ ավանդատուն լիրայով միջոցները կմուտքագրի՝ կֆիքսվի դոլարի նկատմամբ լիրայի գինը եւ նույնը կարվի այն օրը, երբ թուրքական արժույթով միջոցները կհանվեն ավանդից։ Փոխարժեքի տարբերությունը կփոխհատուցի պետությունը։ Այսպիսով, իշխանությունները հույս ունեն խթանել լիրայով ավանդների ներդրումները։Վերլուծաբաններն ու բանկիրներն ասում են, որ եթե լիրան կրկին անկում ապրի՝ ստիպելով կառավարությանն ու կենտրոնական բանկին կատարել խոստումները, դա կարող է ավելի շատ նպաստել գնաճին:Ծրագիրն աշխատել է, գոնե առայժմ, նշում է Reuters-ը։ Էրդողանի հայտարարությունից եւ կենտրոնական բանկի կողմից արժութային ինտերվենցիաներից հետո լիրայի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 18-ից հասել է մոտ 12,5-ի։Reuters-ի աղբյուրն ասել է, որ կառավարությունը հուսով է, որ թուրքական արժույթը կամրապնդվի մինչեւ 9 լիրա մեկ դոլարի դիմաց, սակայն մոտ երկու ամիս կմնա մեկ դոլարի դիմաց 12-ից 14 լիրայի սահմանում:Տարվա ընթացքում Թուրքիայի կենտրոնական բանկը չորս անգամ նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը՝ 19%-ից մինչեւ 14%։ Այս ֆոնին լիրայի փոխարժեքը նվազել է ավելի քան երկու անգամ՝ մեկ դոլարի դիմաց 18 լիրա։ Նոյեմբերին գնաճն արագացել է եւ կազմել 21,3%։ Tweet Դիտում՝ 2632