Գործարարները կոչ են արել Էրդողանին հրաժարվել հիվանդագին տնտեսական մոդելից

20.12.2021 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրդողան #Tusiad #լիրա
Թուրքիայի Tusiad խոշոր բիզնես ասոցիացիան դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ խնդրելով հրաժարվել հիվանդագին տնտեսական մոդելից, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Tusiad-ի հայտարարության մեջ ասվում է, որ կարգավորիչի կողմից հիմնական տոկոսադրույքի իջեցումը թուլացրել է լիրան եւ մեծացրել ամուր արժույթի նկատմամբ պահանջարկը, ինչն ապակայունացրել է թուրքական ամբողջ տնտեսությունը: Ելնելով դրանից՝ ակնհայտ է, որ անհրաժեշտ է վերադարձ հիմնական տոկոսադրույքի գործողության ընդհանուր ընդունված մեխանիզմին։

Tusiad-ին անդամակցում են Թուրքիայի ազդեցիկ գործարարները: Էրդողանի անուղղակի քննադատությամբ իրենց հայտարարության ընդհանուր երանգը ցույց է տալիս, թե ինչպես են գործարարները «քայլում դանակի եզրին»՝ փորձելով մի կողմից գրավել պետության ղեկավարի ուշադրությունը, իսկ մյուս կողմից՝ չդառնալ քաղաքական թիրախ, նշում է Bloomberg-ը։

Էրդողանի օրոք Tusiad-ի անդամները կորցրել են իրենց ազդեցության մեծ մասը. նախագահը հովանավորել է հարուստ գործարարների նոր խմբի ստեղծումը, որոնք աջակցում են նրա քաղաքականությանը եւ իշխող կուսակցությանը:

Էրդողանը կարծում է, որ Թուրքիան կարող է դադարեցնել կախվածությունը օտարերկրյա կապիտալից, եթե հրաժարվի բարձր տոկոսադրույքների հին քաղաքականությունից։ Գաղափարը հիմնված է այն վարկածի վրա, որ ցածր տոկոսադրույքները նույնպես կզսպեն սպառողական գների աճը։ Դա հակասում է աշխարհի կենտրոնական բանկերի ղեկավարների ընդհանուր տեսակետին, գրում է Bloomberg-ը։

Տարեսկզբից դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ գրեթե կրկնապատկվել է. այսօր թուրքական արժույթը թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ հատելով մեկ դոլարի դիմաց 17,04 լիրա սահմանագիծը։
Դիտում՝ 3617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW