Բրիտանական դեսպանատունը եւ HSBC Հայաստանը խթանում են կայուն տնտեսությունը ՀՀ-ում

10.12.2021 | 19:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #Իրինա Սեյլանյան #Բրիտանական դեսպանատուն

«Կանաչ» ֆինանսավորման եւ կայուն տնտեսական մոտեցումների առավելություններն ու մարտահրավերները, միտումներն ու կարգավորումները Հայաստանում եւ արտերկրում. սրանք էին այն հիմնական թեմաները, որոնք քննարկվեցին դեկտեմբերի 10-ին Երեւանում կայացած համաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) եւ Երեւանում բրիտանական դեսպանատան համատեղ ջանքերով։

«Համախմբվելով հանուն կանաչ ապագայի» անվանումը կրող համաժողովի նպատակն էր կարեւորել կայուն մոտեցումները ոչ միայն անհատների կյանքում, այլեւ ընդգծել դրանց առաջնահերթությունը բիզնեսների համար գործառնական մոդելներ մշակելիս եւ ապագա ծրագրեր կազմելիս։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը իր ողջույնի խոսքում նշել է․

«Անցած ամիս Միացյալ Թագավորությունում՝ Գլազգոյում, տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը (COP26), որի հիմնական նպատակներից էր ֆինանսական միջոցներ ներգրավել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի իրականացման համար, խթանել հանրային եւ մասնավոր ֆինանսների հոսքը դեպի զարգացող շուկաներ, որտեղ դրանց անհրաժեշտությունն ամենից շատ է նկատվում, ինչպես նաեւ օգնել կառուցել կանաչ տնտեսություններ՝ ստեղծելով աշխատատեղեր եւ ապահովելով բարեկեցություն։ Հայաստանում կանաչ ներդրումների իրականացման բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք կարող են իրագործվել մինչեւ 2030 թ․-ը։ Հուսով եմ, որ այս համաժողովը ցույց կտա, թե ինչպես ֆինանսների ներհոսքը կարող է նպաստել Հայաստանում կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, ոլորտում ներդրումների իրականացման, ինչպես նաեւ դեպի ածխածնի զուտ զրոյական արտանետումների տնտեսություն անցման հարցում»։

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի եւ HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի ողջույնի խոսքերից հետո խոսնակները փոխանակեցին իրենց տեսակետներն ու փորձը աշխարհում ածխածնի զրոյական արտանետումների տնտեսության վերաբերյալ եւ քննարկեցին դրանց իրականացման հնարավոր ուղիները Հայաստանում։

HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը նշել է․

«Ակնհայտ է, որ կայուն մոտեցումները բիզնեսների ռազմավարության առանցքային գործոն են հանդիսանում ամբողջ աշխարհում։ Հատկանշական է, որ  Հայաստանում կայուն ֆինանսավորման միտումը եւս զարգանում է, ինչը կարեւոր դեր ունի ավելի կայուն տնտեսություն կառուցելու գործում՝ միեւնույն ժամանակ նվազեցնելով բնապահպանական ռիսկերը։ Այս տեսանկյունից HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ դառնալով արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Առաջնորդվելով HSBC Խմբի ռազմավարությամբ՝ HSBC Հայաստանն ուրախ է իր դերակատարությունն ունենալ այս գլոբալ հանձնառության իրականացման գործում եւ նպաստել Հայաստանի անցմանը ցածր ածխածնային տնտեսության»։

Համաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանին դեպի ցածր ածխածնային տնտեսության անցման եւ «կանաչ» լուծումների լայնորեն կիրառման հարցում՝ մեծացնելով կանաչ ֆինանսավորման տարբերակներից օգտվելու, դրանց մասին ավելի  տեղեկացված լինելու հնարավորությունները եւ խրախուսելով բոլոր հաստատություններում «կանաչ» ռազմավարությունների համահունչ իրականացմանը։

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Միացյալ Թագավորության կառավարության COP26 համաժողովի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանը, այլ բարձրաստիճան խոսնակներ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության կառավարություններից, ինչպես նաեւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող փորձագետներ HSBC Խմբից, TheCityUK-ից եւ երկու երկրներում գործող այլ առաջատար բիզնես կազմակերպություններից։  

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը նշել է․

«Այսօր, առավել քան երբեւէ, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է կայուն  տնտեսական լուծումներ ապահովելը, ինչը ֆինանսական ոլորտում նույնպես առաջնային է դառնում։ Հանդիսանալով առաջատար բանկերից մեկը Հայաստանում ՝ մենք գիտակցում ենք, որ ավելի «կանաչ» միջավայր ունենալու համար HSBC-ն պետք է առաջարկի ժամանակին համընթաց կայուն լուծումներ։ Հետեւաբար՝ մենք ուրախ ենք խթանել «կայուն բանկային ծառայությունները» Հայաստանում՝ մեր հաճախորդներին տրամադրելով կանաչ վարկեր եւ կայուն զարգացմանն ուղված այլ վարկեր:

Կցանկանայի նաեւ ընդգծել նմանատիպ միջոցառումների կարեւորությունը, որոնք խրախուսում են հայաստանյան կազմակերպություններին առավել կայուն մոտեցումներ որդեգրել՝դրանով իսկ մեր ներդրումն ունենալով բոլոր համայնքներում կայուն լուծումներով փոփոխությունների իրականացման հարցում»:

HSBC Խումբ

HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում եւ տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային եւ Լատինական Ամերիկայում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երեւան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների եւ մոտ 310 աշխատակիցների միջոցով:

2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311  միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 11335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW