ԱՄՀ ղեկավարը՝ $10 տրլն միջոցների, գնաճի եւ օmicron-ի մասին

04.12.2021 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա #Reuters Next
Կլիմայական ճգնաժամի հետեւանքները մեղմելու ջանքերին այս տասնամյակում անհրաժեշտ է ուղղել $6 տրիլիոնից մինչեւ $10 տրիլիոն միջոցներ։

Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ նախօրեին ելույթ ունենալով Reuters Next առցանց համաժողովում։

«Չեմ կարծում, որ այսօր շատ մարդիկ կգտնվեն, ովքեր մտածում են, որ կլիմայի փոփոխությունը մակրոկրիտիկական նշանակություն չունի տնտեսական կայունության, աճի եւ զբաղվածության համար: Բնականաբար, ունի: Եվ ԱՄՀ-ն զբաղվում է այս թեմայով, քանի որ դա կարեւոր է մեր անդամների համար»,- Գեորգիեւայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

***
Համաժողովի ընթացքում ԱՄՀ ղեկավարն անդրադարձել է գնաճի խնդրին, նշելով, որ «դրա պատկերը բազմակողմանի է՝ տարբեր երկրներում շատ տարբեր հանգամանքներ»։

Այսպես, ըստ նրա, ԱՄՆ-ում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար, սակայն այլ երկրներում նման միջոցներ պարտադիր չեն։ «Ճապոնիայում գնաճի մակարդակը զգալիորեն ցածր է նպատակային մակարդակից, իսկ Եվրոպան գտնվում է մեջտեղներում»,- նշել է նա:

ԱՄՆ-ում «պահանջարկը բարձրացնում է գները, իսկ մատակարարման խափանումները շարունակվում են»։ «ԱՄՆ-ի տնտեսության լավ ցուցանիշները նաեւ կողմնակի ազդեցություն են ունենում ամբողջ աշխարհի վրա, եւ այս անգամ այդ ազդեցությունը դրական է»,- ավելացրել է Գեորգիեւան։

ԱՄՀ տնօրենն ամերիկյան մաքսատուրքերի կրճատումն անվանել է «օգտակար գործիք»: «Բայց սա համադարման չէ: Անհրաժեշտ է գործել բոլոր ուղղություններով։ Երբ մենք խոսում ենք մատակարարման շղթայի խափանումների մասին, միշտ պետք է հիշենք, որ այդ խափանումները նվազեցնելու լավագույն միջոցն ամբողջ աշխարհը պատվաստելն է»,- ասել է նա:

***
Անդրադառնալով համաշխարհային տնտեսության վերականգնման վրա omicron շտամի տարածման հետեւանքներին՝ Կրիստալինա Գեորգիեւան նշել է, որ դա կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի նվազմանը։



«Եկեք հնարավորինս անկեղծ լինենք. նոր շտամը, որը կարող է շատ արագ տարածվել, վստահությունը խաթարելու ներուժ ունի: Եվ այդ առումով մենք, ամենայն հավանականությամբ, ականատես կլինենք համաշխարհային տնտեսական աճի հոկտեմբերին արված մեր կանխատեսումների որոշակի նվազմանը»,- ասել է նա:

Կրիստալինա Գեորգիեւան նաեւ նշել է, որ հաջորդ տարին ավելի լարված կլինի աշխարհի երկրների ունեցած պարտքի առումով։ Նա ընդգծել է աղքատ երկրների պարտքի խնդիրը որքան հնարավոր է շուտ լուծելու անհրաժեշտությունը։
Դիտում՝ 5261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW