Հայաստանում մեկնարկում է Khachen ռուս-իտալական ներդրումային նախագիծը

29.11.2021 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Khachen #քրաուդֆանդինգ #Արմեն Մինասյան
Հայաստանում մեկնարկում է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված Khachen («Խաչեն») սոցիալապես պատասխանատու քրաուդֆանդինգային հարթակը։

Այն հիմնել են Ռուսաստանի խոշորագույն ներդրումային հարթակի՝ Поток.Диджитал-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ Mikro Kapital հոլդինգի (քարշերինգ «Делимобиль», «Город денег» p2p հարթակ) ռազմավարական նախագծերի տնօրեն Դարիո Պելացցոն։

«Դեպի Հայաստան ներդրումների հոսքն ապահովելը բարդ է՝ ելնելով երկրի տնտեսության ներկա վիճակից, պանդեմիայից, պատերազմի հետեւանքներից եւ գեոպոլիտիկ լարվածությունից։ Դասական ներդրողների մեծամասնությունը գնահատում է միայն շահույթի եւ ռիսկերի հարաբերակցությունը։ Առավել եւս, որ փոքր բիզնես նախագծերով նրանք առանձնապես հետաքրքրված չեն։ Միեւնույն ժամանակ, բարեգործությունն այն գործիքը չէ, որն արդյունավետ է բիզնես խնդիրների լուծման համար։

Բարեգործությունն անհրաժեշտ է եւ առավելագույնս արդյունավետ, երբ խոսքը ծայրահեղ իրավիճակների եւ կյանքի փրկության մասին է։ Նման նախադրյալների դեպքում բիզնեսի քրաուդֆանդինգային ֆինանսավորումը ամենատրամաբանական լուծումն է։

Բարդ իրավիճակում 8 միլիոնանոց սփյուռքի առկայությունը թույլ է տալիս փոխարինել ավանդաբար ներհոսող արտասահմանյան կապիտալը։ Մինչ այժմ հայկական սփյուռքի, որը, ըստ տվյալների, տարեկան 2 մլրդ դոլար է ուղղում Հայաստան, հիմնական գործիքն են բարեգործությունը, զբոսաշրջային ծախսերը եւ բարեկամներին դրամական փոխանցումները։ Մենք առաջարկում ենք խելացի ֆինանսական գործիք, որը հասու է յուրաքանչյուրին՝ անկախ բնակավայրից, եւ որն էական օգնություն է ցուցաբերում երկրի տնտեսությանը։ Եկել է ժամանակը զարգացնել բիզնեսը եւ ապահովել մարդկանց աշխատանքով»,- նշել է Khachen հարթակի մտահղացման հեղինակ եւ համահիմնադիր Արմեն Մինասյանը։

«Khachen-ը քրաուդֆանդինգային հարթակ է բիզնեսի համար, որի հիմքում ընկած է հայ ձեռներեցների արտադրանքի գնումը կամ նախապատվերը։ Եթե սպեկտրի մի կողմում պատկերացնենք բարեգործությունը, մյուս կողմում՝ շահույթ ստանալուն ուղղված ավանդական ներդրումները, ապա քրաուդֆանդինգը մոտավորապես այդ սպեկտրի կենտրոնում է։ Khachen-ի մեխանիզմը օգտակար կլինի մեծ թվով մարդկանց, ովքեր ցանկանում են սեփական ձեռքերով եւ սեփական բիզնեսով կերտել իրենց ապագան»,- կարծում է Khachen հարթակի դիտորդական խորհրդի նախագահ Ֆերդինանդո Պելացցոն։

Khachen-ի նպատակներից մեկը Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծումն է։ Որպես սկիզբ նպատակ կա մինչեւ 2028թ․ ստեղծել 5000 աշխատատեղ՝ այսինքն, տարեկան 130 հաջողված նախագիծ փոքր բիզնեսի սեգմենտում (ներառյալ` գործող բիզնեսի ընդլայնումն ու նոր բիզնեսի գրանցումը)։ Հետագայում նպատակ կա ստեղծել նաեւ միջին բիզնեսին ուղղված ներդրումային հիմնադրամ։ Հնգամյա կտրվածքով հարթակը պլանավորում է մեկնարկ տալ equity crowdfunding-ին»։

Մինչ 2022թ․ ավարտը նախատեսվում է Հայաստանում միկրո- եւ փոքր բիզնեսի հատվածում 150 նոր նախագծի մեկնարկ իրականացնել։ Առաջին տարվա ընթացքում ներդրումների մոտավոր ծավալը 300-400 մլն ՌԴ ռուբլի է։

Դիտում՝ 7299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW