Երեւանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների եւ մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Քաղաքապետը նշել է, որ մրցույթի նախապատրաստումը եւ անցկացումը տեւեց համարյա մեկուկես տարի. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր:Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները:Ինչպես նշել են քաղաքապետարանում, «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը Հայաստանի կառավարությանն առաջարկել է նաեւ $500 մլն արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրության ռուսաստանյան գործակալությունը։«Մենք այդ միջոցներով, երեւի, կկարողանանք թարմացնել նաեւ հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքներն ու նաեւ կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կընդլայնվեն կայարանները»,- ասել է Աբրամսոնը:«Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքները սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի եւ ֆինանսավորումը պետք է արվի պետական, այլ ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, եւ ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաեւ ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը:Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանս»- ն առաջարկում է նաեւ երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար եւ զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս: Tweet Դիտում՝ 3547