ԿԲ նախագահ. 2022թ․ կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը

17.11.2021 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #պետական բյուջե
ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2022թ․-ի Հայաստանի պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, կառավարության միջնաժամկետ ծախսերի համեմատ՝ ենթադրում է տնտեսական աճի եւ ներուժի էական արագացում։

Այս մասին նա ասել է Ազգային ժողովում 2022թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Անդրադառնալով 2022թ․ համար նախանշված 7% տնտեսական աճի ցուցանիշին, ԿԲ նախագահը նշել է, որ նախատեսված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած են մեծածավալ ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում։

«Աճի հիմքում ընկած են նաեւ տնտեսության արտահանելի հատվածի խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության եւ ընդհանուր արտադրողականության բարձրացմանը։ Վերջինս մեծապես կախված կլինի կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների ծրագրավորված համամասնությունների ապահովումից, ինչպես նաեւ արտաքին աշխարհում սպասվող դրական զարգացումների ընթացքից»,- ասել է նա։

Մարտին Գալստյանի խոսքով՝ 2022թ․ կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված թե ներքին, թե արտաքին պահանջարկի աճերով։

«Ի տարբերություն 2021 թվականի՝ ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով։ Տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսանկյունից կարեւոր ենք համարում ներդրումների խրախուսման եւ արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների եւ գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակում»,- նշել է ԿԲ նախագահը:
Դիտում՝ 1187
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW