Չինաստանի մեծահարուստների վարկանիշն ու Ջեկ Մայի ձախողումը

05.11.2021 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes #Չինաստան #Ջեկ Մա
Չինական Alibaba ինտերնետ հսկայի հիմնադիր, միլիարդատեր Ջեկ Ման կորցրել է առաջին տեղը Չինաստանի 100 ամենահարուստ գործարարների վարկանիշում՝ ըստ ամերիկյան Forbes-ի։

Վարկանիշը կազմելիս Forbes USA-ն Մայի կարողությունը գնահատել է $41․5 մլրդ, ինչը $24․1 միլիարդով (37%-ով) պակաս է անցած նոյեմբերի ցուցանիշից ($65․6 մլրդ)։ Ման այժմ զբաղեցնում է վարկանիշի միայն հինգերորդ հորիզոնականը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։

Գործարարի կարողությունը նվազեց այն բանից հետո, երբ չինական իշխանությունները վերջին պահին չեղարկեցին Ant Group ֆինտեխ ընկերության IPO-ն, իսկ Alibaba-ն գարնանը տուգանվեց ռեկորդային $2․8 միլիարդով, ինչից հետո ընկերությունը վեց տարվա մեջ առաջին անգամ եռամսյակն ավարտեց վնասով։ Alibaba-ն մեկ տարվա ընթացքում էժանացավ $344 միլիարդով, գրել էր Bloomberg-ը։ Ant Group-ի IPO-ն կարող է լինել ամենախոշորը աշխարհում։ Ինչպես գրել էր The Wall Street Journal-ը, Ջեկ Ման իր վրա է վերցրել այդ ձախողման մեղքը։

Ջեկ Մայի կարողությունը նվազել է $6․9 միլիարդով 2021 թվականի գարնանից ի վեր, երբ ամերիկյան Forbes-ը հրապարակեց աշխարհի ամենահարուստ գործարարների վարկանիշը։ Արդեն այն ժամանակ Ման չինացի գործարարների շրջանում միայն չորրորդն էր իր կարողության չափով:

2021թ․ Չինաստանի 100 ամենահարուստ գործարարների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է շշալցված ջրերի արտադրող Nongfu Spring ընկերության հիմնադիր Չժուն Շանշանը։ Վարկանիշը կազմելիս Forbes-ը նրա կարողությունը գնահատել է $65․9 մլրդ: Գործարարի կարողությունն ավելացել է ոչ միայն Չինաստանում սպառողական պահանջարկի աճի, այլեւ Beijing Wantai Biological Pharmacy դեղագործական ընկերությունում հաջող ներդրումների հաշվին․ հոկտեմբերին վերջինիս բաժնետոմսերն արժեին 76%-ով ավել, քան մեկ տարի առաջ:

Չժուն Շանշանը


ByteDance-ի հիմնադիր Չժան Իմինի կարողությունը մեկ տարում ավելացել է ավելի քան երկու անգամ՝ $27.7 միլիարդից հասնելով $59.4 միլիարդի: ByteDance-ին է պատկանում TikTok տեսածառայությունը: Չժան Իմինը վարկանիշում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Չժան Իմինը


Մարտկոցներ արտադրող Contemporary Amperex Technology ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Ցզենի կարողությունն ամենաշատն է աճել մեկ տարում՝ 2,5 անգամ՝ մինչեւ $50․8 մլրդ, նա բարձրացել է առաջին եռյակ:

Ռոբին Ցզենը


Չինաստանի 100 ամենահարուստ գործարարների ընդհանուր կարողությունը տարվա ընթացքում աճել է $150 միլիարդով եւ հասել $1․48 տրիլիոնի, հաշվարկել է ամերիկյան Forbes-ը։ Կապիտալն աճել է ՏՏ հատվածի եւ կրթության ու շինարարության ոլորտներում չինական իշխանությունների վերահսկողության աճի պայմաններում, գրել է ամսագիրը։
Դիտում՝ 5695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW