ԿԲ. մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում
02.11.2021 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Արտաքին աշխարհում, չնայած կորոնավիրուսի նոր տեսակի բավականին արագ տեմպերով տարածմանը, պատվաստանյութերի ակտիվ կիրառման եւ խիստ սահմանափակումներից հնարավորինս խուսափելու պայմաններում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական ակտիվության ու համախառն պահանջարկի վերականգնումը: Պահանջարկի դրական զարգացումների ֆոնին հիմնականում առաջարկը սահմանափակող գործոններով պայմանավորված, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում դիտվում է գնաճային միջավայրի զգալի ընդլայնում, ինչն արտացոլվում է նաեւ գործընկեր երկրների ներքին գնաճերի արագացման վարքագծում: Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը պահպանվում է:
ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումները նախանշում են կանխատեսումների համեմատ որոշակի ավելի թույլ ակտիվության մասին` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, ինչպես նաեւ համավարակի տարածման հերթական ալիքի հետեւանքով ծառայությունների ճյուղի ակնկալվող դանդաղմամբ: Այդուհանդերձ, պահանջարկի դրական զարգացումները պահպանվում են, ինչին շարունակում է մեծապես նպաստել մասնավոր սպառումը` արտերկրից ստացվող դրամական փոխանցումների մեծ ծավալների եւ մասնավոր խնայողությունների նվազման հետեւանքով: Այս պարագայում ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտադրական կարողությունների ընդլայնման նկատմամբ մասնավոր սպառման դեռեւս պահպանվող առաջանցիկ աճը շարունակում է նպաստել ներքին գնաճային միջավայրի պահպանմանը: Միեւնույն ժամանակ, հասարակության գնաճային սպասումները դրսեւորում են կայունացման նշաններ»,- նշել են ԿԲ-ում:
Չնայած արտաքին հատվածում եւ ՀՀ տնտեսությունում գնաճային ազդեցությունների պահպանմանը, ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարեվերջից դրամավարկային պայմանների` ապագային միտված եւ հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման եւ միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ: Ուստի, Խորհուրդը նպատակահարմար է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը ներկայումս թողնել անփոփոխ: Նման պայմաններում կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետեւ 2022թ-ին կմոտենա նպատակային 4% ցուցանիշին եւ միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարների մասով դեռեւս պահպանվող անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համարժեքորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: