2021թ․-ի առաջին կիսամյակում 2020թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից չորացրած մրգի եւ բանջարեղենի արտահանման մաքսային արժեքն աճել է մոտ 77%-ով: Մի շարք ընկերություններ գրանցել են նաեւ արտահանման ծավալի աճ։ Օրինակ, «Լուկաշին» գյուղատնտեսական ասոցիացիան՝ անցած տարվա համեմատ այս տարի արդեն 20-30% արտահանման ծավալի աճ է գրանցել։ Հատկապես աճել է հայկական ծիրանաչրի պահանջարկը։ 2020թ․-ին ասոցիացիան Միացյալ Թագավորություն է արտահանել 500 կգ ծիրանաչիր, իսկ 2021թ․-ին արդեն ստացել է մինչեւ 2 տոննայի պատվեր։ Պահանջարկն աճել է նաեւ այն բանի շնորհիվ, որ արտահանվող «Երեւանի» տեսակից պատրաստված ծիրանաչիրը մրցակցային առավելություն ունի Եվրոպական միության շուկաներում։ Այն ավելի քիչ շաքար է պարունակում, ինչի շնորհիվ ավելի առողջարար է։ Միացյալ Թագավորություն «Երեւանի» տեսակի ծիրանաչրի արտահանման սկիզբը դրվել է «BIOFACH 2019» օրգանական սննդամթերքի առաջատար ցուցահանդեսի ժամանակ, որի շրջանակում «Լուկաշին» ասոցիացիան կապեր է հաստատել իր գործընկերոջ հետ։ Ասոցիացիան ցուցահանդեսին մի շարք այլ հայաստանյան արտադրողների հետ մասնակցում էր «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացնում է Առեւտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում։ Ծրագրի շրջանակում արդեն մի շարք չրարտադրողներ բարելավել են արտադրության որակը՝ ներդնելով միջազգային տեխնոլոգիաներ եւ ստանդարտներ։ Օրինակ, նրանցից մի քանիսը ներդրել են մրգի կեղեւազատման ավտոմատացված համակարգ, ինչը նվազեցնում է որոշ տեսակի չրերի ինքնարժեքը։ Որոշակիորեն փոփոխվել է նաեւ մրգի եւ բանջարեղենի չորացման եղանակը, ինչը թույլ է տալիս ապահովել տարբեր շուկաների համար նախընտրելի խոնավության եւ փափկության մակարդակ։ Լուսանկարը՝ EU4Business Ավելին, բացի բուն չրից հայաստանյան ընկերություններն այժմ արտադրում են նաեւ բազմատեսակ չրային արտադրանքներ՝ օրինակ չրային կոնֆետներ, ընկուզեղենով պատրաստված չրային նախուտեստներ եւ նոր տեխնոլոգիայով պատրաստված մրգային լավաշներ։ Տեղական արտադրության մեջ այս մեթոդների ներդրմանը մեծապես նպաստել են «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում միջազգային ցուցահանդեսների մասնակցությունը, ուսումնական այցը դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն, որը չրարտադրության ոլորտում առաջատարներից է, եւ միջազգային փորձագետների շարունակական խորհրդատվությունները։ «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում սննդամթերքի վերամշակման ոլորտում գործող ութ ընկերություններ հոկտեմբերին ներկայացրել են Հայաստանը Եվրոպայում սննդի եւ ըմպելիքների ամենամեծ ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։ Նման առաջատար ցուցահանդեսներին մասնակցությունը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին ուսումնասիրել եւ ապա ներդնել միջազգային լավագույն փորձն ու վերջին միտումները եւ ձեռք բերել նոր գործընկերային կապեր։ Tweet Դիտում՝ 7584