IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփել են Գեւորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը

21.10.2021 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #ԵՊՀ #Գեւորգ Արշակյան
Հոկտեմբերի 20-ին Երեւանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) նիստերի հանդիսավոր դահլիճում ամփոփվեց IDBank-ի եւ ԵՊՀ-ի կողմից սահմանված կրթաթոշակի մրցույթը։

Կրթաթոշակը սահմանվել էր ԵՊՀ լավագույն ուսանող, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Գեւորգ Արշակյանի անվամբ։

Մրցույթի ամփոփման միջոցառման ժամանակ խոսվեց հենց Գեւորգի մասին՝ որպես հայրենասեր անհատ, որպես ԵՊՀ լավագույն ուսանողներից մեկը, ֆանտաստիկ ընկեր եւ պարզապես օրինապահ քաղաքացի, որ իր ամեն օրն ապրում էր Հայաստանի եւ Արցախի շենացման մասին երազելով եւ դրան իր հերթին նպաստելով։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ չնայած չի ճանաչել Գեւորգին, նրա մասին շատ է լսել, հետեւել է Գեւորգի գործունեությանը: «Գեւորգն իսկական համալսարանական էր։ Մենք միշտ հիշելու ենք մեր բոլոր նահատակված ուսանողներին. նրանք մշտապես համալսարանականի կնիքն են կրում եւ հավերժ մնալու են մեր սրտերում։ Շնորհակալ ենք IDBank-ին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, քանի որ կրթաթոշակներ սահմանելը նաեւ ներդրում է ապագայի համար»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ այսօր բոլորիս միավորում է մեր նահատակված հերոսների նկատմամբ պարտավորության զգացումը։ «Նրանք ունեին բազմաթիվ երազանքներ, բայց կարծում եմ՝ բոլորի ամենամեծ երազանքը հզոր եւ ուժեղ հայրենիք ունենալն էր: Այսօր բոլորս պետք է բարձր պահենք նրանց անունը եւ մեր ներդրումն ունենանք մեր երկրի զարգացման գործում»,- ասել է Մհեր Աբրահամյանը։

Գեւորգ Արշակյանի անվան՝ միանվագ 400․000 դրամի չափով կրթաթոշակին արժանացան ԵՊՀ չորս ուսանողներ՝ Աննա Հակոբյանը Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետից, Մուրադ Սողոյանը Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետից, Արամ Բուղդարյանը Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից եւ Սմբատ Ալեքսանյանը Արեւելագիտության ֆակուլտետից։

«IDBank-ը, կարեւորելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն իր գործունեության մեջ, մշտապես առանձնակի ուշադրությամբ է մոտենում կրթական բաղադրիչին։ Բացի տարատեսակ առանձին ծրագրերից՝ Բանկն իր ռազմավարական գործընկեր Իդրամ ընկերության հետ իրականացնում է «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Վերջինս արդեն ավելի քան մեկ տարի է՝ ուղղված է հասարակության առաջնահերթ խնդիրների լուծմանն ու հասարակության տարբեր շերտերի սոցիալական աջակցմանը։ Ավելի քան մեկ տարում «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը տարբեր ծրագրերի եւ հասարակական կազմակերպությունների է ուղղել ավելի քան 40 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է  ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9512
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW