Դիլիջանում մեկնարկել է Buissup գլոբալ ֆորումը

08.09.2021 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Buissup Global Forum
Դիլիջանում մեկնարկել է Buissup գլոբալ ֆորումը՝ կրթական եւ քննարկումային այս հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է:

Միջոցառումը սեպտեմբերի 20-ին Երեւանում կայանալիք Հայկական բիզնես ֆորում 2021-ի (Armenian Business Forum 2021) ավարտական փուլն է: Գործարար ֆորումների շարքը կազմակերպում է Հայ գործարարների ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրված ավելի քան երկու հարյուր մասնակիցներ նոր հմտություններ ձեռք բերելու, սեփական նախագծերը ներկայացնելու բացառիկ հնարավորություն կունենան, կկարողանան իրենց նախագծերի իրականացման համար գործընկերներ գտնել։

Ֆորումի բոլոր մասնակիցներին հաջողություն եւ արդյունավետ աշխատանք է մաղթել Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Նա իր ողջույնի խոսքում նշել է. «Երիտասարդական ձեռնարկատիրության զարգացումը երկրի տնտեսության զարգացման հենակետն է, փոքր ու միջին բիզնեսի գերակա ուղղություններից մեկը։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպիսի հսկայական ներուժ ունի ժամանակակից երիտասարդությունը, որքան շատ են տաղանդավոր երիտասարդները, որոնք պատրաստ են սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչել։ Այդ պատճառով կարեւոր է համակողմանի կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, խթանել գործարար ակտիվության զարգացումը երիտասարդների շրջանում, նման նախագծերի զարգացման համար պայմաններ ստեղծել»։



Buissup գլոբալ ֆորումի շրջանակում կանցկացվեն մեկշաբաթյա կրթական եւ գործարար միջոցառումներ, դասախոսություններ եւ տարբեր ձեւաչափերի քննարկումներ: Ելույթների թեմաներն են՝ ֆինանսների կառավարում, մարքեթինգ եւ վաճառքներ, գործարար հաղորդակցում. այն ամենը, ինչը կօգնի ապահովել սեփական ստարտափ բիզնեսի հաջող մեկնարկը եւ զարգացումը:

Խոսնակների մեջ խոշոր ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հաջողած ստարտափ նախագծերի, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստող հիմնադրամների ներկայացուցիչներ եւ բարձր որակավորում ունեցող բիզնես թրեյներներ են, որոնք կփոխանցեն իրենց փորձը եւ կբացեն հաջողակ ընկերություն հիմնելու գաղտնիքները:

Buissup գլոբալ ֆորումի ծրագրով նախատեսված «Առաքելություն 2030. Հայաստանի տեխնոլոգիական ապագան եւ բիզնեսի զարգացումը» թեմայով պանելային քննարկմանը կմասնակցեն «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր տնօրեն Արմեն Օրուջյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության հիմնադիր Գեւորգ Պողոսյանը:

Երիտասարդ ձեռնարկատերերը միջոցառման շնորհիվ հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնել իրենց նախագծերը: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կկարողանան սեփական բիզնես գաղափարները սեպտեմբերի 20-ին ներկայացնել Հայկական բիզնես ֆորում 2021-ում, որին կմասնակցեն սեփական բիզնեսի դիվերսիֆիկացիայով հետաքրքրված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ եւ ներդրողներ:
Դիտում՝ 2058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW