Արեւային էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք

05.08.2021 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արեւային էներգիա #Երեւան #Սերգեյ Ներսեսյան
«ԵՄ-ն` Երեւանի համար. արեւային համայնք» ծրագրով շենքերի վերելակները, բակերում նոր անցկացված արտաքին լուսավորության համակարգերը, ինչպես նաեւ բոլոր հարկերում տեղադրված սենսորային լուսատուները սնվում են արեւային ֆոտովոլտային կայաններից:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ «կանաչ՝ մաքուր, էներգիան կմտնի մայրաքաղաքի 90 շենք»:

«Առաջին փուլով ընտրված 42 շենքից 32-ում արդեն իսկ տեղադրված են համակարգերը, իսկ 8-ում միացված եւ աշխատում են: Մնացած 10 շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ»,- նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:

Ծրագրի բյուջեն €1 մլրդ 250 հազար է, որից 1 մլրդ-ը Եվրամիությունը տրամադրում է որպես դրամաշնորհ: Բնակիչներին համակարգը տրամադրվում է անվճար: Բացի այդ, ծրագրի իրականացման շնորհիվ 50%-ով նվազելու է վերելակի էլեկտրաէներգիայի համար վճավող գումարը:

«Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որոնցում կուտակվելու են բնակիչներից գանձված գումարները եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Նշեմ, որ կուտակված գումարը կուղղվի նվիրաբերված համակարգերի սպասարկմանը եւ բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայողության միջոցառումների իրականացմանը»,- մանրամասնել է քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ Նարինե Աբելյանը:

Շենքերն ընտրվել են վարչական բոլոր շրջաններից, բացառությամբ Նորք Մարաշի, որտեղ բազմաբնակարաններ բնակելի հին շենքեր պարզապես չկան: Ընտրությունն անելիս, տեխնիկական չափորոշիչներից զատ, հաշվի է առնվել նաեւ սոցիալական բաղադրիչը:

«Ծրագրում ընդգրկված շենքերի անապահով ընտանիքներին կտրվեն էներգախնայող լուսատուներ (1750 հատ), որպեսզի նրանք էլ նվազեցնեն իրենց բնակարանի էլեկտրաէներգիայի ծախսը: Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25 920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում եւ կունենա էլեկտրաէներգիայի ավելի փոքր վճար»,-ընդգծել է Սերգեյ Ներսեսյանը:

Արեւային կայանները շահագործման հանձնելուց հետո նվիրաբերվում են բնակիչներին: Ծրագրի շնորհիվ ընդհանուր օգտագործման տարածքներում բնակիչները կունենան անխափան էլեկտրամատակարարում:
Դիտում՝ 2778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW