EY-ն պարզել է՝ երբ էլեկտրամոբիլները «կհաղթեն» ավանդական ավտոմեքենաներին

25.06.2021 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#EY #էլեկտրամոբիլներ
2033 թվականին էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքները կարող են գերազանցել ավանդական ավտոմեքենաներինը՝ 5 տարի ավելի շուտ, քան նախապես սպասվում էր, քանի որ կարգավորման խստացումը եւ աճող հետաքրքրությունն ավելացնում են պահանջարկը տրանսպորտի էկոլոգիական տեսակների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Finmarket-ը, այս մասին են վկայում Ernst & Young-ի (EY) նոր հետազոտության տվյալները:

Ըստ EY-ի նոր կանխատեսման՝ էլեկտրամոբիլների սպառումը կգերազանցի հանածո վառելիքով ավտոմեքենաներինը այնպիսի խոշորագույն շուկաներում, ինչպիսիք են Եվրոպան, Չինաստանը եւ ԱՄՆ-ը: Միաժամանակ, 2045 թվականին ավանդական ավտոմեքենաների վաճառքների մասնաբաժինը կկազմի համաշխարհային ավտոշուկայի 1%-ից պակաս:

Կլիմայի փոփոխության դեմ պայքարում իշխանությունների խիստ միջոցները խթանում են պահանջարկի աճը Եվրոպայում եւ Չինաստանում: EY-ն ակնկալում է, որ ԵՄ-ն կդառնա առաջատարն էլեկտրամոբիլներին անցում կատարելու գործընթացում. ըստ կանխատեսման՝ այս տեսակի ավտոմեքենաների վաճառքները կգերազանցեն մյուս տեսակներինը արդեն 2028 թվականին: Չինաստանում դա տեղի կունենա 2033-ին, իսկ ԱՄՆ-ում՝ 2036-ին:



Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում կարգավորման միջոցների մեղմացման պատճառով Միացյալ Նահանգները հետ են մնում առաջատար շուկաներից էլեկտրամոբիլներին անցում կատարելու առումով: Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը միացել է կլիմայի Փարիզյան համաձայնագրին եւ առաջարկել $174 մլրդ հատկացնել էլեկտրամոբիլներին անցումն արագացնելու համար: Նրա նախաձեռնությունը նախատեսում է այդ թվում երկրում կես միլիոն լիցքավորման կայանների տեղադրում:

«Մենք գտնում ենք, որ Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված կարգավորիչ միջավայրը մեծ ներդրում է, քանի որ այն մասշտաբային նպատակներ ունի»,- Bloomberg-ին ասել է EY-ի զարգացող տեխնոլոգիաների ղեկավար Ռենդի Միլերը: Սպառողների կողմից էլեկտրամոբիլների նկատմամբ հետաքրքրության աճը նույնպես նպաստում է պահանջարկի ավելացմանը: «Գնալով էլեկտրամոբիլների ավելի շատ մոդելներ են ի հայտ գալիս»,- նկատել է Միլերը:



EY փորձագետներն ակնկալում են, որ էլեկտրամոբիլների վաճառքի ծավալով Եվրոպան կմնա առաջատարը մինչեւ 2031 թվականը, երբ առաջին տեղում կհայտնվի Չինաստանը:
Դիտում՝ 3198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW