Քերոբյանը չինական կողմին հրավիրել է մասնակցել մի քանի նախագծի իրագործմանը

02.06.2021 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Յուն Ֆան #Չինաստան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ՀՀ-ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանի հետ հանդիպմանը տեղեկացրել է մի քանի նոր նախաձեռնությունների մասին եւ հրավիրել չինական ընկերություններին մասնակցել այդ նախագծերի իրագործման աշխատանքներին:

Նա, մասնավորապես, հրավիրել է մասնակցելու Երեւան-Գյումրի ճանապարհին նորարարական քաղաքի  նախագծման, կառուցման եւ շահագործման աշխատանքներին, ինչպես նաեւ Արարատում, Մեղրիում ու Գյումրիում նախատեսված արդյունաբերական պարկերի կառուցման եւ գործարկման աշխատանքներին։

Յուն Ֆանը նշել է, որ չինական կողմը հետաքրքրված է հանդիպման ընթացքում ներկայացված նախագծերի իրագործման աշխատանքներում մասնակցությամբ եւ խնդրել է իրենց փոխանցել առավել մանրամասն տեղեկատվական փաթեթներ վերջիններիս վերաբերյալ։

Նախարարի պաշտոնակատարը նաեւ առաջարկել է դիտարկել Միսնկի մոտակայքում կառուցված «Մեծ Քար» արդյունաբերական պարկի օրինակով Հայաստանում նմանատիպ նախագծի համատեղ իրականացման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում քիմիական արտադրության վերագործարկման եւ մետալուրգիայի զարգացման հնարավորություններին։

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ուղիղ ավիաչվերթների բացման անհրաժեշտությունը, ինչը կդյուրացնի երկու երկրների միջեւ բեռների փոխադրումը եւ կնպաստի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Խնդրի առնչությամբ Վահան Քերոբյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, սուբսիդավորելու նման չվերթները։

Յուն Ֆանը տեղեկացրել է, որ 2020 թվականին չինական կողմը նախատեսել էր ուղիղ ավիաչվերթների բացման հնարավորությունները ուսումնասիրելու նպատակով Հայաստան գործուղել մասնագետների խումբ, ինչը, սակայն, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, տեղի չի ունեցել։ Դեսպանը հայտնել է չինական կողմի պատրաստակամությունը վերսկսելու հարցի կարգավորման շուրջ քննարկումները։
Դիտում՝ 2875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai