Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2021թ. հուլիսի 1-ից մինչեւ 2022թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: «Կոմիտեն, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 750 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 10.6%-ով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 839 հարկ վճարող): Այս տարի հաստատված ծրագրում նույնպես գերակշռում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները` շուրջ 98% (նախորդ տարի ցուցանիշը կազմել է 97%): Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2020թ. իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած իրացման շրջանառության շուրջ 42%-ը: 2021թ. հուլիսի 1-ից մինչեւ 2022թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող ստուգումների պլան») ենթաբաժնում: Կոմիտեն համոզված է, որ հարկային մարմին-հարկ վճարող արդյունավետ համագործակցության շնորհիվ տարեցտարի կկրճատվեն համալիր հարկային ստուգումները` միաժամանակ նպաստելով հարկերի ինքնուրույն հաշվարկման եւ վճարման գործընթացին: Tweet Դիտում՝ 2505