Հայաստանում զբոսաշրջության ակտիվ սեզոնին ընդառաջ՝ Զբոսաշրջության կոմիտեն Երեւանի Խաչքարերի պուրակում 2021թ․ մայիսի 27-ին եւ 28-ին կազմակերպում է բացօթյա մարզային ցուցահանդես՝ խթանելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսի ներքո ցուցահանդեսը նպատակ ունի Հայաստանի յուրաքանչյուր մարզ առավել գրավիչ, ճանաչելի եւ հիշարժան դարձնել հայաստանցիների համար։Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կլինի մայիսի 27-ին, ժամը՝ 14:30-ին: Երկու օրվա ընթացքում Հայաստանի 10 մարզ կցուցադրի իր զբոսաշրջային գրավչությունները՝ արկածային հնարավորությունները, յուրօրինակ գաստրո վայրերը, քիչ բացահայտված այցելավայրերը, մարզին բնորոշ փորձառությունները եւ խոհանոցային առանձնահատկությունները։ Կարեւորելով արկածային զբոսաշրջության խթանումը Հայաստանում՝ առանձին տաղավարով կներկայացվեն նաեւ մի շարք արկածային զբոսաշրջային փորձառություններ, նոր զարգացող պրոդուկտներ, որոնց շնորհիվ վերջին տարիներին Հայաստանը առավել գրավիչ է դառնում, մասնավորապես, էքստրեմալ ճամփորդությունների սիրահարների համար։ Ցուցահանդեսի ընթացքում կտրվի «Ճանաչի՛ր Հայաստանը» սոցիալական արշավի մեկնարկը, որը նախաձեռնել է Զբոսաշրջության կոմիտեն ԱՄՆ ՄԶԳ-ի՝ «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ։Ցուցահանդեսին զուգահեռ՝ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին, ժամը 12։00-ից 19։00-ն՝ Թուֆենկյան հյուրանոցի մեծ սրահում անց է կացնելու հանդիպում-քննարկումների շարք ոլորտի ներկայացուցիչների համար։ ՄԱԿ ԶՀԿ-ի, Վրաստանի պետական զբոսաշրջային գործակալության ներկայացուցիչների, միջազգային, տեղացի փորձագետների մասնակցությամբ տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, որոնք առնչվում են համավարակով եւ առկա ճամփորդական սահմանափակումներով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը, թվային կարողությունների ընդլայնմանը, զբոսաշրջային արդյունքի թվայնացմանը։ Ցուցահանդեսն անցկացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Tweet Դիտում՝ 2601