ԵՄ-ն մտադիր է այլեւս չդիտարկել ՀՆԱ-ն որպես բարեկեցության գլխավոր չափանիշ

10.05.2021 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՀՆԱ #նոր չափանիշներ
ԵՄ գագաթնաժողովը մտադրություն է հայտնել հրաժարվել աշխարհի պետությունների բարեկեցության հաշվարկից, որը հիմնված է միայն ՀՆԱ-ի ծավալի եւ դրա աճի վրա, այլ հաշվի առնել 14 բնապահպանական եւ սոցիալական չափանիշների հավաքակազմը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է մայիսի 8-ին Պորտոյում (Պորտուգալիա) ավարտված ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։

«Մենք ողջունում ենք եվրոպական սոցիալական գործընկերների (արհմիութենական եւ գործատուների կազմակերպություններ) կողմից համատեղ առաջարկված տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական առաջընթացը գնահատող չափանիշների այլընտրանքային հավաքակազմը, որը լրացնելու է ՀՆԱ-ն որպես ներառական եւ կայուն աճի միջոց»,- ասված է գագաթնաժողովի հայտարարության մեջ:

Խոսքը գնում է Եվրոպական արհմիությունների համադաշնության կողմից ներկայացված նախաձեռնության մասին, որը մայիսի 7-ին համաձայնեցվել է եվրոպական բիզնես ասոցիացիաների հետ եւ հավանության է արժանացել Եվրամիության ինստիտուտների կողմից:

Այն ենթադրում է, որ բարեկեցության ինդեքսը կդառնա 14 չափանիշներից բաղկացած հավաքակազմի ածանցյալ եւ բացի զուտ տնտեսական չափանիշներից, ինչպիսին է ՀՆԱ-ն, կներառի սոցիալական եւ բնապահպանական գործոններ: Համադաշնությունը հավաստիացնում է, որ այս մեթոդը կդառնա վիճակագրական չափանիշ նոր տնտեսության համար, որը «մարդուն շահից վեր է դասում»:

Արհմիություններն ընդգծում են, որ ՀՆԱ-ն եւ դրա աճը բնակչության բարեկեցության ցուցանիշ չեն, քանի որ «ԵՄ երկրներում աշխատավորները գնալով ՀՆԱ-ի ավելի փոքր մասնաբաժին են ստանում, նույնիսկ 2010 թվականի մակարդակի համեմատ»:

Ըստ Եվրաստատի՝ ՀՆԱ-ի աճը ԵՄ երկրներում անգամ մինչ համավարակը՝ 2019-ին, կազմել է 1,6%, իսկ 2020-ին այն նվազել է 6,1%-ով: Այս պայմաններում վիճակագրական կանոնների փոփոխությունը պետք է թույլ տա Եվրամիությանը ցուցադրել բնակչության բարեկեցության ավելի բարձր մակարդակ:
Դիտում՝ 2612
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW