Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) համաձայնություն է տվել «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհային ծրագրին։ Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում նշել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $3 մլն 718 հազ.։ «Անցած տարվա նոյեմբերին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզով իրականացրել եւ իրականացնում ենք սոցիալական աջակցության ծրագրեր՝ տեղահանված եւ տուժած հայրենակիցների համար։ Բոլոր միջոցառումները քննարկում ենք միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների»,- ասել է նա։ Դրամաշնորհի ընդհանուր նպատակն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած անձանց տոկունության ամրապնդմանը, հյուրընկալ համայնքներում սոցիալական համախմբվածության եւ զբաղվածության խթանմանը։ Նպատակն իրագործվելու է դրամաշնորհի աջակցությամբ իրականացվելիք չորս ծրագրերի միջոցով` Հայաստանում Արցախից տեղահանված անձանց եւ նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաեւ Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի եւ ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացման միջոցով: Տրամադրվելիք դրամական աջակցությունը նպատակ ունի ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը` օգնելով հարթել հիմնական սպառման հետ կապված խնդիրները եւ աշխատանքային տարիքի տեղահանված անձանց ներգրավել աշխատաշուկայում։ Tweet Դիտում՝ 1258