Թուրքական բանկերը հրաժարվում են ֆինանսավորել էրդողանի սիրելի նախագիծը

28.04.2021 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
Թուրքիայի առաջատար բանկերը հրաժարվում են ֆինանսավորել Բոսֆորը շրջանցող ջրանցք կառուցելու նախագիծը․ պատճառը բնապահպանական, քաղաքական եւ ֆինանսական ռիսկերն են, գրում է RBC-ն՝ վկայակոչելով  Reuters-ի աղբյուրները:

Թուրքիայի 6 առաջատար բանկեր, ներառյալ՝ Garanti Bank-ը, Is Bank-ը եւ Yapi Kredi-ն, ստորագրել են ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող Պատասխանատու բանկային գործի սկզբունքների մասին փաստաթուղթը, որը կոչ է անում խուսափել շրջակա միջավայրին եւ մոլորակին վնաս հասցնելուց: Հենց դա կարող է խոչընդոտ հանդիսանալ նախագծին նրանց մասնակցությանը, նշում են գործակալության երկու զրուցակիցները:

Ենթադրվում էր, որ ջրանցքի շինարարությունը (մոտ 150 մ լայնությամբ եւ 25 մ խորությամբ) պետք է ավարտվի մինչեւ 2023 թվականը, երբ Թուրքիան կնշի հանրապետության հարյուրամյակը: Նախագծի քննադատները մատնանշում էին տարածաշրջանի բնապահպանությանը սպառնացող վտանգը, ինչպես նաեւ Ստամբուլը խմելու ջրով ապահովելու հետ կապված սպառնալիքը:

Ըստ Թուրքիայի ճարտարագետների եւ ճարտարապետների պալատների միության տվյալների՝ ջրանցքը կկործանի ծովային էկոհամակարգը եւ այն աղբյուրները, որոնք մեկ երրորդով ապահովում են Ստամբուլը խմելու ջրով: Ստամբուլի քաղաքապետը եւ քաղաքի բնակիչների մեծ մասը նույնպես բազմիցս դեմ են արտահայտվել ջրանցքի կառուցմանը:



«Չեմ կարծում, որ մենք կկարողանանք մասնակցել «Ստամբուլ» ջրանցքի ֆինանսավորմանը: Այն կարող է մի շարք բնապահպանական խնդիրներ առաջացնել»,- Reuters-ին ասել է բանկիրներից մեկը`ցանկանալով մնալ անանուն:

«Մենք հաստատ չենք ցանկանում վարկեր տրամադրել այս տեսակի նախագծերին` բնապահպանական խնդիրներով պայմանավորված»,- Reuters-ին ասել է մեկ այլ բարձրաստիճան բանկիր՝ հավելելով, որ փաստաթուղթը ստորագրած բանկերը պետք է պահպանեն ՄԱԿ-ի կայուն զարգացման մասին պակտը:

Եվս մեկ բանկիր գործակալության հետ զրույցում նշել է, որ ընդդիմադիր կուսակցությունները դեմ են նախագծին: Այսպիսով, ջրանցքի կառուցումը կարող է խաթարվել, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը պարտվի 2023թ. ընտրություններում: «Նախագծի չափը չափազանց մեծ է: Այն պարունակում է ռեպուտացիոն եւ վարկային ռիսկեր»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ ջրանցքի կառուցումը «կարծես կառավարության սիրելի նախագիծն է»:

Բացի այդ, ըստ Reuters-ի աղբյուրների, նախագծին մասնակցության ֆինանսական ռիսկերը, հավանաբար, չափազանց զգալի կլինեն թուրքական բանկերի մեծ մասի համար: Նման ծավալուն նախագծին մասնակցությունը կարող է սահմանափակել նրանց վարկային հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով, որ շինարարության ուշ փուլում կա նախագծի ձախողման վտանգ: 2019 թվականին ջրանցքի կառուցման ընդհանուր արժեքը գնահատվել է $13 մլրդ, ինչն այն դարձրել է երկրի ամենաթանկ ենթակառուցվածքային նախագծերից մեկը:

Ինչպես նշում է Reuters-ը, նախագիծը ֆինանսավորելու թուրքական բանկերի դժկամությունը մեծացնում է հավանականությունը, որ պետական կառույցները եւ օտարերկրյա ներդրողները մասնակցեն շինարարության ֆինանսավորմանը:

Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը, պատասխանելով գործակալության այն հարցին, թե արդյոք թուրքական բանկերը կմասնակցեն ֆինանսավորմանը, ասել է, որ մրցույթն անցկացնելուց հետո նախագիծը «հաստատ կներգրավի» ներդրողների եւ վարկատուների: Նրա խոսքով ՝ արդեն հետաքրքրություն կա մրցույթի նկատմամբ, որը բաց կլինի բոլորի համար՝ ներառյալ թուրքական, եվրոպական, ամերիկյան եւ չինական ընկերությունները: «Սա շահավետ նախագիծ է, եւ մենք վստահ ենք, որ այն կշարունակվի իրագործվել»,- հավելել է նա:



Բոսֆորը շրջանցող ջրանցք կառուցելու գաղափարով, որը կկապի Սեւ եւ Մարմարա ծովերն ու կանցնի Ստամբուլի արեւմտյան ծայրամասով, 2011 թվականին հանդես է եկել Էրդողյանը, ով այն ժամանակ երկրի վարչապետն էր: Նրա կարծիքով, դա հնարավորություն կտա նվազեցնել նեղուցի բեռը (դրանով ամեն օր անցնում են հարյուրից ավել նավեր երկու ուղղությամբ) եւ Ստամբուլի ջրերից դուրս հանել ամենավտանգավոր բեռները տեղափոխող նավերը:

Ըստ թուրքական իշխանությունների գնահատականների՝ ապագա «Ստամբուլ» ջրանցքի թողունակությունը կկազմի 160 նավ: Նախագծի հեղինակների կարծիքով, դա թույլ կտա լուծել հերթերի հետ կապված խնդիրը, որոնք պարբերաբար առաջանում են Բոսֆորի մուտքի մոտ:

2018 թվականի արժութային ճգնաժամը ստիպեց հետաձգել ջրանցքի կառուցումը, սակայն նախագիծը կրկին հայտնվել է օրակարգում այն բանից հետո, երբ անցած ամիս Թուրքիայի կառավարությունը հաստատեց շինարարական ծրագրերը: Թուրքիայի իշխանությունները նախատեսում են սկսել ջրանցքի շինարարությունն այս տարվա հունիսին:
Դիտում՝ 1092
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai