Fix Price-ի IPO-ն Արտյոմ Խաչատրյանին տեղ է ապահովել Forbes-ի վարկանիշում

23.04.2021 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fix Price #Արտյոմ Խաչատրյան #Forbes
Նախօրեին Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը հրապարակեց «Ռուսաստանի 2021թ. ամենահարուստ 200 գործարարների» վարկանիշը, որում ընդգրկվել է հայկական ծագումով 9 գործարար:

Վարկանիշի նորեկների շարքում է Fix Price խանութների միջազգային ցանցի տնօրենների Խորհրդի անդամ Արտյոմ Խաչատրյանը՝ $3.1 մլրդ կարողությամբ: Նա զբաղեցրել է վարկանիշի 49-րդ տեղը:

Forbes-ը որոշ տեղեկություններ է տրամադրել Արտյոմ Խաչատրյանի մասին, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Առաջին բիզնեսը

Իր գործընկեր Սերգեյ Լոմակինի (Forbes-ի ցուցակում զբաղեցնում է 48-րդ տեղը՝ 3․1 մլրդ կարողությամբ), Ալեքսանդր Սամոնովի եւ Իգոր Ժուրավլյովի հետ Արտյոմ Խաչատրյանը զբաղվում էր սուրճի դիստրիբուցիայով։ Առաջին երկուսի հետ Խաչատրյանը 2007թ․-ին հիմնել է «Կոպեյկա» մթերային խանութների ցանցը։

Կապիտալը

Արտյոմ Խաչատրյանը ֆիքսված ցածր գներով ապրանքների Fix Price խանութների միջազգային ցանցի համասեփականատեր է (35,43%)։ Նա Լոմակինի հետ համատեղ ցանցը հիմնել է 2007 թվականին:

Սնանկություն

2008թ․-ին Խաչատրյանն ու Լոմակինը $35 միլիոնով գնել են «ЦентрОбувь» կոշիկների խանութների ցանցի բաժնետոմսերի 33%-ը։ 2015թ․-ին ընկերության բաժնետերերի միջեւ առաջացել է կոնֆլիկտ, իսկ 2017-ին «ЦентрОбувь»-ը սնանկ է ճանաչվել։

Ներդրումներ

2012թ․-ին Խաչատրյանն ու Լոմակինը դարձան Quadro Capital Partners ներդրումային ընկերության գործընկերներ։ Ընկերությունը ղեկավարում է Troika Capital Partners-ի նախկին կառավարիչ տնօրեն Գեդրյուս Պուկասը։

Արտյոմ Խաչատրյանը 46 տարեկան է, ամուսնացած է, ունի չորս երեխա: Բնակվում է Մոսկվայում:



RBC-ի փոխանցմամբ՝ 2021թ․ մարտին Fix Price-ը Լոնդոնի բորսայում իրականացրեց IPO, ընկերությունը գնահատվեց $8,3 մլրդ։ Սա էլ թույլ տվեց Խաչատրյանին եւ Լոմակինին առաջին անգամ հայտնվել Forbes-ի վարկանիշում։

Ներկայումս Fix Price-ի 4360 խանութներն աշխատում են Ռուսաստանի ավելի քան 1000 բնակավայրերում, ինչպես նաեւ Ղազախստանում, Վրաստանում, Բելառուսում, Լատվիայում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում: Նախագծի հիմնական գաղափարն է գնորդին առաջարկել կենցաղային ապրանքների լայն տեսականի ամբողջ ընտանիքի համար` ցածր գներով:
Դիտում՝ 2163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW