Ջեկ Ման կարող է զրկվել Ant Group-ում իր բաժնեմասից

19.04.2021 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջեկ Մա #Ant Group #Alibaba
Alibaba Group-ի դուստր ընկերություն հանդիսացող Ant Group-ը ուսումնասիրում է հիմնադիր Ջեկ Մայի մասնաբաժինը վաճառելու եւ կառավարումից նրա դուրս գալու հնարավորությունները, գրում է Rusbase-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ չինական կարգավորիչները հասկացրել են ընկերությանը, որ այդ քայլը կարող է օգուտ բերել Ant Group-ին:

Չինաստանի Ժողովրդական բանկի եւ Բանկային գործի ու ապահովագրության կարգավորման հանձնաժողովի (CBIRC) ներկայացուցիչները հունվար-մարտ ամիսներին առանձին բանակցություններ են վարել Ant Group-ի ներկայացուցիչների եւ Ջեկ Մայի հետ: Հանդիպումներին քննարկվել է հիմնադրի՝ ընկերությունից դուրս գալու հնարավորությունը:

Reuters-ին հայտնի չէ, թե Մայի մասնաբաժինը վաճառելու որ տարբերակն է քննարկվում: Ընկերությունը հույս ուներ, որ Մայի միլիարդավոր դոլարների արժողությամբ բաժնեմասը կարող է վաճառվել Ant Group-ի կամ Alibaba Group Holding-ի գործող ներդրողներին՝ առանց արտաքին կազմակերպություն ներգրավելու:

Սակայն, աղբյուրներից մեկի տվյալներով, կարգավորիչ մարմինների հետ բանակցությունների ընթացքում Ման ասել է, որ իրեն չեն թույլատրի վաճառել իր բաժնեմասը իրեն մոտ գտնվող իրավաբանական կամ ֆիզիկական անձի, եւ դրա փոխարեն նա ստիպված կլինի ամբողջությամբ թողնել ընկերությունը: Մեկ այլ տարբերակ` իրեն պատկանող բաժնեմասը փոխանցել պետության հետ փոխկապակցված չինացի ներդրողին:

Այնուամենայնիվ,  ցանկացած քայլ կպահանջի Պեկինի համաձայնությունը։

Ant-ի ներկայացուցիչը չի տրամադրել Մայի մեկնաբանությունները: Alibaba-ի եւ իշխանության ներկայացուցիչները նույնպես չեն պատասխանել Reuters-ի հարցմանը: Ant Group-ը նշել է, որ Մայի բաժնեմասի վաճառքի հարցը «երբեք ոչ մեկի հետ չի քննարկվել»:



Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա նոյեմբերին Ջեկ Մայի Ant Group ֆինտեխ ընկերությունը նախատեսում էր իրականացնել պատմության մեջ ամենամեծ՝ մոտ $35 մլրդ-ի IPO: Սակայն բորսա դուրս գալուց երկու օր առաջ բաժնետոմսերի տեղաբաշխումը դադարեցվել էր։ Ant-ում հայտարարել էին, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ֆինտեխ ընկերությունների կարգավորման կանոնների փոփոխության պատճառով։

Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ի տվյալներով՝ Ant Group-ի IPO-ից կարող էին շահել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի քաղաքական հակառակորդները։ Պարբերականը գրել էր, որ ցուցակումից մի քանի շաբաթ առաջ Չինաստանի կառավարությունը հետաքննություն էր անցկացրել եւ պարզել, որ Ant-ի IPO-ի ազդագիրը թաքցնում է ընկերության որոշ սեփականատերերի: Նրանց թվում էին նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի քաղաքական հակառակորդները, որոնք իրավաբանական անձանց շղթայի միջոցով տնօրինում են Ant-ի բաժնեմասերը:



Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Ջեկ Մայի հիմնած Alibaba ինտերնետ հսկան տուգանվել է $2,78 միլիարդով՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Alibaba-ն ընդունեց Չինաստանի իշխանությունների որոշումը։ «Մենք տուգանքի մասին ծանուցագիր ենք ստացել Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչությունից եւ անկեղծորեն ընդունում ենք այս որոշումը, մենք խստորեն կհետեւենք դրան»,- ասված էր ընկերության հայտարարության մեջ:
Դիտում՝ 1999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW