«Հայփոստ»-ը եւ «Օնէքս»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

16.04.2021 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայփոստ #Օնէքս #Հայկ Կարապետյան
«Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով ապահովել հաճախորդների համար հասանելի եւ արագ ծառայություններ՝ համայնքների այն բնակիչների համար, ովքեր օգտվում են առցանց գնումների «Օնէքս» հարթակից:

«Հայփոստ»-ի հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է, որ «Օնէքս»-ի օգտատերերը կարող են առցանց գնումների իրենց պատվերները  ստանալ «Հայփոստ»-ի 850 բաժանմունքից ավելի քան 700-ում՝ առանց հավելյալ առաքման վճարի:

«Հայփոստ»-ից հայտնում են, որ ներկա պահին այս համագործակցության ծրագիրը նախատեսված չէ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների համար:

««Հայփոստ»-ը, լինելով փոստային կապի ազգային օպերատոր եւ սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր գործողություններով մշտապես նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը: Մեր համագործակցությունը «Օնէքս»-ի հետ հաճախորդների համար ավելի հարմարավետ եւ մատչելի կդարձնի առցանց գնումների առաքման գործընթացը»,- նշել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«Կարեւորելով բոլոր օգտատերերի համար առցանց գնումների առաքման հասանելիությունը եւ ծառայության գնի պահպանումն անկախ բնակության վայրից՝ «Օնէքս»-ը եւ «Հայփոստ»-ը սկիզբ են դնում «հեռու-մոտիկ օգտատեր» նոր համագործակցությանը: «Օնէքս»-ի մարզաբնակ օգտատերերը այսուհետ կարող են ստանալ իրենց առցանց գնումները «Հայփոստ»-ի՝ իրենց նախընտրած բաժանմունքից՝ առանց հավելյալ առաքման վճարի»,- նշել է «Օնէքս»-ի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։
Դիտում՝ 3773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW