«Առանց փողկապի» հարցազրույցների շարքում զրուցել ենք «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի հետ: - Դուք երկար տարիներ աշխատել եք Ռուսաստանում՝ հեռահաղորդակցության բիզնեսի ոլորտում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ: Ինչպե՞ս որոշեցիք վերադառնալ հայրենիք: - Իրականում, սա իմ երրորդ վերադարձն է: Առաջինը 2007թ.-ին էր, սիրահարվել էի, իսկ ընկերուհիս, ով հիմա կինս է, Հայաստանում էր ապրում: Թողեցի Ռուսաստանն ու եկա Հայաստան: Նույն ժամանակահատվածում «Qiwi» ընկերությունը Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն հիմնեց եւ Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանն առաջարկեց ինձ գլխավորել այն: Քանի որ մտքով միշտ Հայաստանում էի, անմիջապես համաձայնեցի. ավելի քան երկու տարի ապրեցի Հայաստանում: Ավելի ուշ՝ 2010 թ.-ին, ամուսնացանք, տեղափոխվեցինք Մոսկվա, որտեղ ծնողներս են ապրում:- Իսկ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ: - Ուսանողական տարիներին Մոսկվայի հայկական համայնքի համար կազմակերպում էի մշակութային միջոցառումներ, որոնցից մեկի ժամանակ կազմակերպեցի «Մուշ» պարային համույթի համերգը: Ապագա կինս այդ համույթում էր պարում: Ամեն բան հենց այդտեղից էլ սկսվեց: Այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էինք. միայն չորս տարի անց ամուսնացանք: Հայկ Կարապետյանը՝ տիկնոջ հետ Լուսանկարը՝ Հ. Կարապետյանի անձնական արխիվից - Կպատմե՞ք Ձեր ուսանողական տարիների մասին: Գիտեմ, որ ավարտել եք լավագույն տեխնիկական բուհերից մեկը՝ Բաումանի համալսարանը: - Բաումանի համալսարանում սովորելը բավականին դժվար է: Հատկապես առաջին երեք տարիներին ուսանողական հաճույքներ վայելելու ժամանակ առանձնապես չէր լինում: Ավարտել եմ լավագույն ֆակուլտետներից մեկը՝ ստանալով ինֆորմատիկայի եւ կառավարման համակարգերի ինժեների որակավորում: Հայկ Կարապետյանը՝ ուսանողական տարիներին Լուսանկարը՝ Հ. Կարապետյանի անձնական արխիվից Երրորդ կուրսից սկսել եմ աշխատել. եղել եմ առաքիչ, վեբ դիզայներ, զբաղվել եմ պրոդյուսերությամբ: Հենց այդ տարիներին հասկացա, որ խառնվածքով ավելի շատ կազմակերպիչ եմ, քան ինժեներ՝ թեպետ Բաումանի համալսարանում ստացված գիտելիքները մինչ օրս օգնում են ինձ համակարգված լուծումներ տալ տեխնիկական հարցերին: Հայկ Կարապետյանը՝ ուսանողական տարիներին Լուսանկարը՝ Հ. Կարապետյանի անձնական արխիվից - Բավական երիտասարդ տարիքից եք սկսել աշխատել, Ձեր կենսագրությունում լուրջ բիզնես կազմակերպություններ կան նշված, կպատմե՞ք: - Հայաստանում «Qiwi»-ի ներկայացուցչությունը գլխավորելուց հետո, ինձ հրավիրեցին Viva-Cell MTS, որտեղ երկու տարի առաքման ուղիների գծով ավագ համակարգող եմ եղել: 2010 թվականին կնոջս հետ կրկին տեղափոխվեցինք Մոսկվա, սկսեցի աշխատել MEGAFON ընկերությունում, որտեղ ստեղծել եմ նորարական ֆինանսական պրոդուկտներ, որոնք մինչ օրս լայնորեն կիրառվում են ռուսական շուկայում: Եղել եմ նաեւ «Բիլայն» ընկերության կոմերցիոն տնօրենը, իմ թիմում 100-ից ավել մարդ կար: Այնտեղ սովորեցի՝ ինչ ասել է լինել առաջնորդ, ծառայել որպես օրինակ եւ մոտիվացնել մարդկանց: - Եթե դեմ չեք, խոսենք նաեւ «Հայփոստից»: «Հայփոստ» ընկերությունը 2006թ.-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարման, 2015թ.-ին անգամ որոշում կար ամբողջովին մասնավորեցնել ընկերությունը, սակայն 2019թ.-ին կառավարության դիրքորոշումը փոխվեց եւ պետությունը որոշեց իր կողմից նշանակված կառավարչի միջոցով շտկել իրավիճակը «Հայփոստում»: Ինչպե՞ս եղավ, որ այդ խնդրի լուծումը վստահվեց հենց Ձեզ: -Բավական անսպասելի էր: Կառավարության կողմից հայտարարություն եղավ. բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին մասնակցել կառավարման գործընթացին, կարող էին հայտն ու ինքնակենսագրությունն ուղարկել Կառավարության էլեկտրոնային հասցեին: Ուղարկեցի ինքնակենսագրությունս՝ առանց առանձնակի հույսեր փայփայելու ու մոռացա այդ մասին: Երկու ամիս անց՝ 2019 թվականի հունվարին, Կառավարությունից ինձ հրավիրեցին հարցազրույցի. 2000 հայտից ընտրվել էր 5-ը, շատ շոյված ու պարտավորված էի ինձ զգում: Հայկ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հարցազրույցն անցա, երկու շաբաթ հետո ինձ հրավիրեցին ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Այդ օրը ես կոնկրետ առաջարկ չստացա, սակայն մեկ տարի անց, երբ արդեն Մոսկվայում Round Bank-ի պրոդուկտների գծով տնօրենն էի, ՀՀ կառավարությունից ինձ հետ նորից կապ հաստատեցին ու առաջարկեցին մասնակցել Հայփոստի գլխավոր տնօրենի պաշտոնի մրցույթին: - «Հայփոստում» ձեր աշխատանքի սկիզբը համընկավ համավարակի հետ: - Այստեղ իմ «բախտը բերեց». երբ 2020թ. ապրիլին ստանձնեցի պարտականություններս, համավարակի հետ կապված իրավիճակը երկրում լարված էր. չէր գործում տրանսպորտը, հիմնարկությունների աշխատանքը հեռավար էր կազմակերպվում: Ի տարբերություն մյուս հիմնարկների՝ «Հայփոստին» ուղիղ հրահանգ տրվեց՝ գնալ աշխատանքի, ընդունել կոմունալ վճարումներ, այցելել մարդկանց տներ, վճարել նպաստներն ու թոշակները: «Հայփոստում» հակաճգնաժամային կառավարումն այդ իրավիճակում դարձավ առաջնային: Իմ առաջ կրկին աստղանիշով խնդիր դրվեց՝ ապահովել փոստային կապի անխափան աշխատանքը՝ միաժամանակ պաշտպանել աշխատակիցներին եւ հաճախորդներին համավարակից: Բարդ խնդիր էր, բայց լուծեցինք՝ շնորհիվ 24/7 անդադար ռեժիմով տարվող համակարգված աշխատանքի: Ասեմ ավելին՝ համավարակը չխանգարեց մեզ մշակել «Հայփոստի» զարգացման ռազմավարության նախագիծը, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Ակնկալվում է «Հայփոստը» դարձնել արդյունավետ կառավարմամբ եւ շահութաբեր բիզնես մոդելով փոստային կապի ազգային օպերատոր. անելիքները շատ-շատ են: - Ձեր ընտանիքը Ձեզ հետ միասին տեղափոխվե՞ց Երեւան: Հեշտ ընդունեցի՞ն որոշումը, հարմարվե՞լ են Հայաստանում: - Սկզբում մենակ եկա, 2020 թվականի մարտն էր: Այդ ժամանակ երեխաներս Մոսկվայում դեռ դպրոց ու մանկապարտեզ էին հաճախում, նրանք ինձ կարողացան միանալ միայն օգոստոսին: Անկեղծ ասած, շատ էի կարոտում: Տղաս վերադարձել է Չեխովի դպրոցի նույն դասարանը, որտեղ նախկինում սովորում էր: Աղջիկս առաջին դասարան սեպտեմբերին գնաց, իսկ փոքր տղաս չորս տարեկան է, մանկապարտեզ է հաճախում: Նրանք բոլորը վարժ հայերեն են խոսում, քանի որ տանը միշտ հայերեն ենք խոսել: Երեխաներս շատ են սիրում Հայաստանը, իրենց զգում են ինչպես «ձուկը ջրում», Մոսկվայից էլ նրանք միշտ ակտիվ շփվում էին այստեղի ընկերների հետ: Հայկ Կարապետյանը՝ տիկնոջ եւ երեխաների հետ Լուսանկարը՝ Հ. Կարապետյանի անձնական արխիվից Ընտանիքս ինձ մեծ էներգիա է տալիս: Աշխատանքից հետո որքան էլ հոգնած ես լինում, ընտանիքի, երեխաների հետ շփումն ամեն բան իր տեղն է գցում:- Կարոտո՞վ եք հիշում նախկին աշխատանքները: Ո՞րն էր ամենից շատ Ձեզ հոգեհարազատ: - Ես կարոտում եմ ոչ թե աշխատանքը, այլ՝ մարդկանց, յուրաքանչյուր կազմակերպություն հարազատ է դառնում քեզ իր մարդկանցով: «Հայփոստում» էլ փորձել եմ ձեւավորել մի թիմ, որի հետ պետք է մեծ ճանապարհ անցնենք: Հայկ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մենեջմենթի մասին գրքերում ասվում է՝ պետք է ճանաչես քո ավտոբուսում եղած այն մարդկանց, որոնց հետ ճանապարհ ես գնալու, պետք է իմանաս՝ ով է վարորդը, եւ հետո որոշես՝ ով որտեղ պետք է նստի: Առաջին հերթին ես դրանով էի զբաղված, հիմա իմ թիմը 99 %-ով ձեւավորված է: Հպարտ եմ, որ մեր թիմ գրեթե բոլորը եկել են որեւէ հաջողակ ընկերությունից, որ մեզ հետ կիսեն «Հայփոստի» ապագա հաջողությունը: - Ինչպիսի՞ ղեկավար եք Ձեզ համարում: - Աշխատանքում փորձում եմ չհանդուրժել միջակ արդյունքը, միշտ ձգտում եմ առավելագույն արդյունք ստանալ եւ այդպես մոտիվացնում եմ թիմս: Այս մոտեցումը սովորել եմ MEGAFON-ի իմ ղեկավարից: Միեւնույն ժամանակ վստահ եմ, որ հատկապես մեծ հիմնարկի ղեկավարը պետք է բաց լինի իր աշխատակիցների համար եւ լսելու ունակություն ունենա. «Հայփոստի» 3000 աշխատակիցներից յուրաքանչյուրը կարող է ինձ նամակ ուղարկել եւ կիսվել խնդիրներով: Հայկ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ամբողջովին բաց, ուղիղ հարաբերություններ են: Մենք գիտենք՝ ինչ խնդիրներ ունեն մեր աշխատակիցները, կարծիք արտահայտելու վախը կոտրել ենք:- Ինչպե՞ս կազմակերպեցիք «Հայփոստի» աշխատանքը պատերազմի ընթացքում:- Պատերազմի առաջին իսկ օրվանից «Հայփոստն» ակտիվորեն ներգրավվեց լոգիստիկ գործընթացներում: Հսկայական օգնություն էր կուտակվել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում: Այդ ամենը պետք էր տեղ հասցնել: Ուժերի գերլարումով «Հայփոստը» կարողացավ այդ բեռների մեծ մասը բերել Հայաստան: Դրանից բացի՝ Հայաստանի ներսում հավաքվող օգնության մի զգալի մասը հենց «Հայփոստի» միջոցով էր հասնում Պաշտպանության նախարարությանը: Մյուս՝ ոչ պակաս ծանր ու բարդ ուղղությունը Հայաստանում պատսպարված արցախցիներին թոշակների եւ պետական նպաստների բաշխումն էր: Իրականում, մեծածավալ աշխատանք է կատարվել:- Ի՞նչ փոփոխություններ եք հասցրել իրականացնել եւ որո՞նք են առջեւում: - Երեւանում բոլոր փոստատարները թոշակներն արդեն տրամադրում են էլեկտրոնային համակարգով՝ պլանշետով: Նույնիսկ մեր ամենատարեց՝ 84-ամյա փոստատարը սովորեց օգտվել պլանշետից:Հայաստանի ողջ տարածքում գործում է «Հայփոստի» աշխատակիցների խրախուսման ծրագիր՝ մոտ 25%-ով բարձրացել է 1300 աշխատակցի վարձատրությունը: Ռազմավարական համաձայնագիր ենք կնքել Ռուսաստանի փոստի հետ, որն իսկապես աննախադեպ հնարավորություններ է ստեղծել մեր երկու երկրների էլեկտրոնային առեւտրաշրջանառության բնագավառում: Շուտով կգործարկենք «Հայփոստ» էլեկտրոնային դրամապանակը: Վերաբացել ենք Հայփոստի ԱՄՆ-ի գրասենյակը, շուտով գրասենյակ կունենանք նաեւ Չինաստանում: Ռազմավարության կարեւոր մաս է կազմում նաեւ «Հայփոստի» գլխավոր մասնաշենքի նոր նախագիծը: Հայկ Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սպասարկման ոլորտում բավականին մեծ բարեփոխումներ են սպասվում. շուտով ունենալու ենք լայնաշերտ ինտերնետ. այժմ մեր 850 բաժանմունքներից լայնաշերտ ինտերնետ ունի ընդամենը 200-ը: «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկել ենք նաեւ այլ ծառայություններ: Սկսել ենք պատվերով դեղերի առաքում Հայաստանի ողջ տարածքում. անգամ ամենահեռավոր գյուղերում հնարավոր է դեղեր պատվիրել թե՛ Հայաստանից, թե՝ այլ երկրներից: «Հայփոստը» դարձնելու ենք ճիշտ բիզնես մոդելով աշխատող, ֆինանսապես կայուն ու ներդրումների տեսանկյունից գրավիչ հիմնարկ՝ միաժամանակ պահպանելով եւ ընթացքում ավելացնելով ընկերության աշխատատեղերը:Հայկ Կարապետյանի հետ զրուցել է Ամալի ԽաչատրյանըԼուսանկարները՝ Գայանե Ենոքյանի եւ Հայկ Կարապետյանի անձնական արխիվից Tweet Դիտում՝ 54432