Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը 25 տարեկան է

09.04.2021 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #25-ամյակ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Միության ստեղծման 25-ամյակի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ստեղծման 25-ամյա հոբելյանի առթիվ։  

Քառորդ դար առաջ՝ 1996-ին, երբ նորանկախ Հայաստանը դեռ նոր էր ոտքի կանգնում խորհրդային պլանային տնտեսության փլատակներից, դեռ թարմ էին Ղարաբաղյան առաջին պատերազմի վերքերը ու վերացված չէին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքները, իր ձեւավորման առաջին քայլերն անող հայ գործարարությունը կարողությունները համատեղելու,   ջանքերը մեկտեղելու որոշում կայացրեց՝ երկրի տնտեսական ներուժի ձեւավորման, շուկայական տնտեսահարաբերությունների կայացման նպատակով։

Հեշտ չի եղել անցած երկուսուկես տասնամյա ճանապարհը․ հայաստանցի տնտեսվարողները ստիպված են եղել գործել  շրջափակման,  նախկին շուկաների ու տնտեսահարաբերությունների բացակայության, էներգետիկ եւ այլ ռեսուրսների սղության, տնտեսական իրավական դաշտի անկատարության պայմաններում։ Ու համատեղ մեծ ջանքեր, համառում եւ հետեւողականություն է հարկ եղել ցուցաբերել, որպեսզի հաղթահարվեն եղած օբյեկտիվ, երբեմն  էլ՝ սուբյեկտիվ խոչընդոտները։

Միությունն անդադար աշխատակարգով իր գործուն մասնակցությունն է ունեցել  տնտեսական հզորությունների ստեղծմանն ու զարգացմանը, իրավահարաբերությունների կատարելագործմանը, շրջափակման դժվարությունները հաղթահարող ուղիների որոնմանը, ներդրումների ապահովմանն ու հայրենական արտադրանքն արտերկրի շուկայում ներկայանալի դարձնելուն, փոքր եւ միջին ձեռնարկատիրության կայացմանը։  



Անուրանալի է ՀԱԳՄ դերը նաեւ հայ գործարարի՝ որպես հանրության առաջամարտիկներից մեկի, ընդհանրական շահերի պաշտպանի ու առաջմղողի, կերպարի ձեւավորման գործում։ Միության անդամների ջանքերի, պատասխանատու ու հոգատար վերաբերմունքի արդյունքում են ստեղծվել հազարավոր աշխատատեղեր,  ապահովվել մեծածավալ հարկային մուտքեր, իրականացվել բազմաթիվ սոցիալական ծրագրեր։

Միությունը մշտապես պահպանել ու առաջ է տարել հայ գործարարության՝ որպես բարեգործ հանդես գալու առաքելությունը, փայփայել ու շարունակականություն է հաղորդել մարդասիրական ու ազգանպաստ գործունեության այն ավանդույթներին, որոնց հիմքերը ժամանակին դրել են Ալեքսանդր Մանթաշյանցը, Գալուստ Գյուլբենկյանը, Պողոս Նուպարը, Ալեք Մանուկյանը եւ շատ այլ մեծանուն բարերարներ։

Առիթից օգտվելով՝ երախտիքի խոսքս եմ ուղղում մեր գործարար համայնքին, որը պարբերաբար իր անշահախնդիր ու ակտիվ մասնակցությունն է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայոց բանակի սատարմանը, պատերազմի ու համավարակի հետեւանքների վերացմանը, սոցիալական աջակցության, տնտեսական  բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը նպատակաուղղված  բարեգործական դրամահավաքներին։ Դա մեր պարտքն է եւ առաքելությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով  Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության հիմնադրման 25-ամյակի առթիվ, մաղթում եմ խաղաղ եւ ստեղծարար աշխատանք, արգասաբեր գործունեություն, ներուժի ու հավատքի միասնականություն՝ հանուն հզոր տնտեսությամբ վաղվա Հայաստանի»։
Դիտում՝ 1021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW