Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ անդամներին կոչ է արել լինել «առավել վճռական»

17.03.2021 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արսեն Ղազարյան #ՀԱԳՄ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը կոչ է արել լինել «առավել վճռական երկրի տնտեսական քաղաքականությանն առնչվող այս կամ այն փոփոխությունների վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու, այն պատկան մարմիններին հասանելի դարձնելու առումով»։


«Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ, երբ այսուհետ գործ կունենանք օրենսդրական նոր նախագծերի քննարկումների հետ»,- ասել է Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ նախագահության՝ մարտի 16-ին կայացած հեռավար նիստի ժամանակ՝ անդրադառնալով կառույցի լոբբիստական գործունեությանը։

Նախագահության նիստի օրակարգային հարցերի թվում էր  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հետ կապված՝ ՀԱԳՄ մասնագետների կատարած աշխատանքը։

«Չնայած վերջիններիս կողմից բերված բազմաթիվ հակափաստարկների, գործարար համայնքի հնչեցրած ահազանգերի, պատգամավորների հետ հանդիպումների ու քննարկումների՝ օրերս ՀՀ Ազգային ժողովն  ընդունեց հիշյալ օրենքը։ Այս իրողությունը ոչ միանշանակ է գնահատվել գործարարների կողմից, ովքեր թե ՛ օրենքում արձանագրված նոր դրույթներն են անընդունելի համարում՝ որպես հետհամավարակային եւ հետպատերազմական տնտեսության համար խոչընդոտող հանգամանքներ, թե ՛ խորհրդարանականների ցուցաբերած մոտեցումը, ովքեր այդպես էլ ականջալուր չեղան մասնագիտական շրջանակների կարծիքներին»,- նշված է հաղորդագրության մեջ։  

Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ այսուհետ առավել պետք է ուժեղացնել ու նպատակային դարձնել մասնագիտական, փորձագիտական խմբերի աշխատանքները, մեծացնել հանրային կարծիքի ձեւավորման վրա ունեցած ազդեցությունը, ավելի սերտացնել գործարարության հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կառույցների հետ համագործակցությունը՝ գործադիր եւ օրենսդիր մարմինների կողմից տնտեսական քաղաքականության մշակման գործընթացում անհրաժեշտ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։  

Նախագահության նիստում նաեւ լսվեցին եւ հավանության արժանացան 2020թ. ընթացքում ՀԱԳՄ կատարած աշխատանքներն ու ֆինանսական գործունեության հաշվետվությունը։

Դիտում՝ 1861
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW