Ուորեն Բաֆեթի 5 կանխատեսումները

12.02.2021 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթ #կանխատեսումներ
Ուորեն Բաֆեթը աշխարհի ամենահայտնի ներդրողներից է: Նա Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը՝ չնայած համավարակի պատճառով կրած մեծ կորուստների: Ի՞նչ է, ըստ գործարարի, մեզ սպասում ապագայում:

Լրագրողների կողմից «Օմահայի գուշակ» մականունը ստացած Բաֆեթն ունի այս հարցերի պատասխանները, որոնք ներկայացրել է RBC-ն:

1. Թերթերի մեծ մասը կփակվի

Բաֆեթը, ով փոքր տարիքում թերթերի առաքմամբ գումար էր վաստակում, բազմիցս կանխատեսում էր թղթային մեդիայի փլուզումը: Yahoo Finance-ին տված հարցազրույցում նա բացատրում է, թե ինչու է «թուղթը» անվերադարձ հեռանալու մեդիա շուկայից.

«Նախկինում հաղթում էր այն թերթը, որն ավելի շատ էջեր ուներ, քանի որ այս էջերը լցված էին գովազդով, իսկ գովազդը՝ ընթերցողի տեսանկյունից լավագույն բովանդակությունն է, որը կարող է առաջարկել խմբագրությունը: Ցանկանո՞ւմ ես աշխատանք գտնել՝ բացում ես թերթը եւ ուսումնասիրում հայտարարությունները: Նախկինում թարմ իրադարձությունների մասին դուք իմանում էիք թերթերից հաջորդ առավոտ, իսկ այժմ հետեւում եք դրանց իրական ժամանակում»:

Pew Research Center տվյալներով՝ 2006-2016թթ. ամերիկյան թերթերի շուկայի գովազդային եկամուտները գրեթե երեք անգամ նվազել են՝ $49 մլրդ-ից հասնելով $18 մլրդ-ի, եւ այս միտումը շարունակվում է:

2. 100 տարում Dow Jones ինդեքսը կհասնի 1 մլն բազիսային կետի

Dow Jones Industrial Average (DJIA)-ը երեք հիմնական ֆոնդային ինդեքսներից ամենահինն է: Ստեղծվել է The Wall Street Journal-ի խմբագիր Չարլզ Դոուի կողմից եւ գործարկվել 1896 թվականին: Այդ ժամանակից ի վեր ինդեքսը 30 բազիսային կետից հասավ 30 000-ի:

Բաֆեթը կանխատեսել է, որ 100 տարի անց Dow Jones ինդեքսը կգերազանցի 1 միլիոն կետը, իսկ ԱՄՆ-ին ֆինանսական բարգավաճում է սպասում:

«Սակայն ես պատրանքներ չունեմ, քանի որ չեմ հասցնի նման բարգավաճման ականատեսը լինել»,- կատակում է Բաֆեթը, ով 2020 թվականին դարձավ 90 տարեկան:



3. Կրիպտոարժույթներն անխուսափելիորեն կփլուզվեն

Բաֆեթը կրիպտոարժույթների հայտնի հակառակորդ է, նա բազմիցս կանխատեսել էր դրանց փլուզումը:

«Ես գրեթե լիովին համոզված եմ, որ կրիպտոարժույթները կփլուզվեն»,- ասել է Բաֆեթը CNBC–ին տված հարցազրույցում:

Ներդրողի խոսքով՝ ի տարբերություն ավանդականների, կրիպտոարժույթներն «իրենց հիմքում ոչինչ չունեն, հիմնված չեն արտադրության վրա եւ իրենք էլ ոչինչ չեն արտադրում»: Կրիպտոարժույթները վերարտադրելի չեն, եւ դրանց շրջանառությունը երաշխավորված չէ:



Միաժամանակ, Բաֆեթը բլոկչեյն տեխնոլոգիան համարում է «նշանավոր», սակայն անկատար, ուստի խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել ավանդական ակտիվներում, ինչպիսիք են արդյունաբերական ձեռնարկությունների բաժնետոմսերը: «Ամեն դեպքում, 10-20 տարի անց ոչ ոք չի հիշի բիթքոինի մասին»,- վստահ է ներդրողը:

4. Ապագան պատկանում է վերականգնվող էներգիայի աղբյուրներին

«Եթե ձեր փողերը պահում եք ածուխի մեջ, ապա դուք մեծ դժվարություններ ունեք»,- ասել է Բաֆեթը դեռեւս 2017-ին ՝ իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել կանաչ էներգետիկայի նախագծերին:

2020-ի հունիսին Բաֆեթը հայտարարեց, որ իր Berkshire Hathaway ընկերությունն արդեն ավելի քան $15 մլրդ է ներդրել արեւի եւ քամու էներգետիկայի մեջ, իսկ հուլիսին հայտնի դարձավ բնական գազ տեղափոխող եւ պահեստավորող Dominion Energy-ում բաժնեմաս գնելու մասին: Գործարքի ծավալը կազմեց ավելի քան $10 մլրդ:



ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը կանխատեսել է, որ 2030 թվականին երկրի էներգիայի կեսից ավելին կարտադրեն վերականգնվող աղբյուրները, եւ թվում է, որ Բաֆեթը պատրաստվում է արագացնել այս գործընթացը:

5. ԱԲ-ն տնտեսությունն ավելի արդյունավետ կդարձնի, բայց կտրուկ կավելացնի գործազրկությունը

Արհեստական բանականության (ԱԲ) ապագայից իր սպասելիքների մասին Բաֆեթը պատմել է 2017 թվականին:

«Զարգացած ԱԲ-ն կարող է շատ կործանարար ազդեցություն ունենալ աշխատաշուկայի վրա: Սակայն դրականն այն է, որ այս խնդիրը հնարավոր կլինի լուծել հասարակության եւ պետության, ինչպես նաեւ մարդկանց հարաբերությունների արմատական փոխակերպման միջոցով»:

Վերլուծաբանները կիսում են ներդրողների սպասելիքները: PwC-ի գնահատականների համաձայն՝ մինչեւ 2030 թվականը աշխատատեղերի 40%-ը կփոխարինվի նեյրոցանցերով:

Այնուամենայնիվ, Բաֆեթը խորհուրդ է տալիս շատ չվստահել կանխատեսումներին: Հարցազրույցներից մեկում նա ասել է. «Կանխատեսումները շատ բան են ասում կանխատեսողի մասին: Բայց ոչինչ՝ ապագայի մասին: Ապագան, ի վերջո, կերտում ենք մենք ինքներս»:
Դիտում՝ 4223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW