Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ ներքին շուկայի պաշտպանության հարցը
05.02.2021 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն



«Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ ուղեւորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարեւոր սոցիալական եւ տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար: Ակնհայտ է, որ այս նախագիծը կարեւոր է նաեւ կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը նվազեցնելու տեսանկյունից եւ կարեւոր տեղ է գրավում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ:
Նիստի քննարկմանն առաջարկված հարցերի առնչությամբ վարչապետը խոսել է նաեւ այլ թեմաների շուրջ:
Մասնավորապես, նա ասել է, որ ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային եւ հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ հայրենական արտադրողներին երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից պաշտպանելու համար:
«Այստեղ կարեւոր են ինչպես միասնական մոտեցումը, այնպես էլ վերջնարդյունքը, որը դրսեւորվում է Միության պետությունների ապրանքների՝ երրորդ երկրների ապրանքների հետ մրցունակության մեջ:
Հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության՝ նշված միջոցների կիրառման համար ընդհանուր մոտեցում մշակելու նպատակով:
Միության ներքին շուկայի պաշտպանությանն ուղղված մեխանիզմների համատեքստում նաեւ հարկ է դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան, ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման եւ ներդրման հնարավորությունը»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհակալություն է հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը:
«Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող եւ նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում եւ մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա»,- եզրափակել է վարչապետը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: