«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կրկնապատկում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի ծավալները՝ երկրորդ փուլում աջակցելով տեղական եւ միջազգային բազմաթիվ նախագծերի։ «Վերջին պատերազմից հետո Արցախի բնակչությունը հայտնվել է հումանիտար ծանրագույն աղետի առջեւ, որը շարունակում է ծավալվել աշխարհում մոլեգնող համավարակին զուգընթաց, ուստի «Ավրորա»-ն ձեռնամուխ է եղել անմիջական օգնություն տրամադրելու գործին։ Մեկնարկից ի վեր «Ավրորա» նախաձեռնության՝ Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագիրը կրկնապատկել է իր ծավալները՝ բյուջեն հասցնելով ավելի քան 208,000.000 դրամի (400,000 ԱՄՆ դոլար), որը տրամադրվելու է 46 նախագծերին։ Դրանց թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ, «Ավրորա»-ն շարունակում է #AraratChallenge4Artsakh համաշխարհային դրամահավաքը՝ կոչ անելով բոլորին արտահայտել իրենց երախտագիտությունը գործով եւ երկրորդ հնարավորություն պարգեւել դժվարին դրության մեջ գտնվողներին։ Նախաձեռնությունը նաեւ Արցախ է հրավիրում համաշխարհային մարդասիրական ոլորտի առաջատար գործիչներին, որոնց փորձառությունը կարող է օգտակար լինել առավելագույն արդյունավետությամբ իրականացնել օգնության ծրագրերը։ Tweet Դիտում՝ 9955