Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն աշխատանքային քննարկում է ունեցել տեղահանված հադրութցիների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանի հետ: Հանդիպմանը նշվել է, որ լուծման ընթացքում են Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության եւ սննդի հարցերը․ նրանք ժամանակավոր կապրեն հյուրանոցներում: Աջակցությունը կտրամադրվի Հայաստանի նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Երեւան, իմ սեր» հիմնադրամի կողմից:Մերի Դավթյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին եւ նախագահի աշխատակազմին, նշելով, որ տեղահանված հադրութցիների խնդիրներին առաջինն արձագանքել են հենց նրանք, եւ տրամադրված միջոցներով իրենք ձեռնամուխ են եղել խնդիրների լուծմանը։Քննարկմանը նշվել է, որ Ամանորին ընդառաջ առանձին ուշադրության եւ աջակցության կարժանանան նաեւ Արցախից տեղահանված եւ ՀՀ սահմանամերձ դարձած համայնքների երեխաները:Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս իր նստավայրում հյուրընկալել էր մի խումբ հադրութցիների, որոնք ներկայացրել էին իրենց խնդիրները: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս աջակցել հադրութցի մեր հայրենակիցներին։ Համատեղ քննարկումների արդյունքում որոշվել էր առաջնային լուծում տալ անօթեւան մնացածների խնդիրներին, միաժամանակ, շարունակելով ջանքերը մյուս հարցերի լուծման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 4233