Քննարկվել է լիզինգի պետաջակցության ծրագրերի բարելավման հնարավորությունը
16.12.2020 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն


Արման Խոջոյանը նշել է, որ լիզինգի ծրագրերի նկատմամբ ֆերմերները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում տարեցտարի այս ծրագրերի շահառուների թվի եւ ձեռքբերվող գյուղտեխնիկայի ու ագրոպարենային սարքավորումների համար տրամադրվող լիզինգի գումարի ավելացումը։
Այսպես, փոխնախարարի տեղեկացմամբ, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական ծրագրով մեկնարկային 2018թ. տրամադրվել է շուրջ 30 մլն դրամի լիզինգ, 2019թ.՝ 2.7 մլրդ դրամի, իսկ 2020թ. նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է ավելի քան 5 մլրդ դրամի լիզինգի հայտ:
Փոխնախարարը նշել է նաեւ, որ լիզինգի մյուս՝ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրի շրջանակում 2018թ. տրամադրվել է շուրջ 882 մլն դրամ, 2019թ.՝ շուրջ 1.7 մլրդ դրամ, իսկ 2020թ․հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 2․4 մլրդ դրամ։
«Հաշվի առնելով քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկները՝ մենք նպատակ ենք դրել վերանայել ու լրամշակել այս ծրագրերը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ընդունելի լինի նաեւ ծրագրերին մասնակից ֆինանսական կառույցների համար»,- նշել է Արման Խոջոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են լիզինգի ծրագրերի հավանական շահառուների կողմից բարձրացվող հարցերը, ներկայացվել են առաջարկներ ծրագրերի բարելավման վերաբերյալ։
Օրակարգային թեմաներից էին ծրագրի շրջանակներում ձեռքբերվող որոշ սարքավորումների արժեքների սահմանաչափի ավելացման, ծրագրով տրամադրվող սարքավորումների ցանկի ընդլայնման, մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմանների երկարաձգման հնարավորությունը, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցման մեխանիզմների օգտագործումը եւ ծրագրերի այլ դրույթներին վերաբերող մի շարք այլ հարցեր։
Արման Խոջոյանը ներկաներին հավաստիացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել եւ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի այս եւ պետական աջակցության այլ ծրագրերի բարեհաջող իրագործմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: