ՀՀ-ում գնաճը պահպանվում է ԿԲ նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում

15.12.2020 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարտին Գալստյանն #ԿԲ #գնաճ
ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ 2020թ. դեկտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%:

«2020թ. նոյեմբերին արձանագրվել է 1.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.1% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.6%՝ դեռեւս ցածր գտնվելով նպատակային 4% մակարդակից։ Նոյեմբերին շարունակել է ավելանալ նաեւ 12-ամսյա բնականոն գնաճը, որը ամսվա վերջին կազմել է շուրջ 2.0%»,- ասել է Մարտին Գալստյանը։

Նա նշել է, որ 4-րդ եռամսյակում համաշխարհային տնտեսության փաստացի զարգացումները հիմնականում կրել են կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի եւ դրա հետ կապված որոշ երկրներում սահմանափակումների ազդեցությունը, ինչը բացասաբար է անդրադարձել համաշխարհային պահանջարկի եւ տնտեսական ակտիվության վրա։

«Մյուս կողմից, 2021թ. տարեսկզբից պատվաստանյութերի հնարավոր արդյունավետ կիրառության վերաբերյալ սպասումները դրական միջավայր են ձեւավորել համաշխարհային պահանջարկի վերականգնման հեռանկարի առումով: Այս իրավիճակում, գնաճային միտումներ են արձանագրվել թե՛ հումքային եւ թե՛ պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչն աստիճանաբար արտահայտվում է նաեւ գործընկեր երկրների գնաճային միջավայրի վրա: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է որոշակի գնաճային ազդեցություն»,- ասել է ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը նշել է, որ 3-րդ եռամսյակում ՀՀ-ում, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 9.1% տնտեսական անկում, ինչը ձեւավորվել է տնտեսության բոլոր՝ հատկապես ծառայությունների ոլորտում արձանագրված նվազումների հաշվին:

«Չորրորդ եռամսյակում, ԿԲ գնահատականների համաձայն, ցածր տնտեսական ակտիվությունը եւ թույլ ներքին պահանջարկը կպահպանվի` պայմանավորված ՀՀ-ում ռազմական դրության հաստատման եւ կորոնավիրուսի համավարակի նոր ալիքի բռնկման ու բարձր տեմպերով տարածման, ինչպես նաեւ նշված գործոնների ներքո տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշության բացասական ազդեցություններով: Մյուս կողմից, ամբողջական պահանջարկին կշարունակի դրական նպաստում ունենալ նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը: Նման պայմաններում, 2020 թվականի համար տնտեսական աճի տարեկան գնահատականները չեն վերանայվել»,- ասել է Մարտին Գալստյանը։
 
Նա նաեւ հավելել է, որ հաշվի առնելով արտաքին տնտեսությունից սպասվող գնաճային ազդեցությունների ներքո կանխատեսվող գնաճի որոշակի արագացումը եւ երկրի ռիսկի հավելավճարի աճը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:



«Խորհուրդը նաեւ գնահատում է, որ դրամավարկային դիրքը շարունակվում է պահպանվել խթանող, ինչը կանխատեսվող հորիզոնում անհրաժեշտ կլինի աստիճանաբար կրճատել՝ ապահովելով գնաճի կայունացումը նպատակային 4%-ի շուրջ։ ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կարճաժամկետ հատվածում առկա են կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերեւի ուղղությամբ, ուստի Կենտրոնական բանկը մշտապես հետեւում է իրադարձությունների զարգացմանը եւ դրանց դրսեւորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում»,- ասել է նա։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԲ նախագահն անդրադարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհրդի կողմից Հայաստանի հետ համատեղ եռամսյա ծրագրի գնահատման 3-րդ փուլի արդյունքների հաստատմանը՝ նշելով, որ այն կարեւոր գնահատական է մեր երկրի մակրոտնտեսական կայունության ուղղված քաղաքականությունների վերաբերյալ։



«Նրանց նշած դրական զարգացումները շատ կարեւոր են մեր երկրի տեսանկյունից։ ԱՄՀ-ն արձանագրել է ՀՀ ԿԲ դրամավարկային եւ ֆինանսական կայունությունների հետեւողականությունն ու համաչափությունը՝ ուղղված տարեսկզբից երկրում սոցիալ-տնտեսական շոկային իրավիճակներում գների եւ ֆինանսական կայունության նպատակների արդյունավետ իրականացմանը»,- ասել է Մարտին Գալստյանը։

Նա նաեւ հավելել է, որ կարեւոր ձեռքբերում եւ, միաժամանակ, դրական ազդակ է միջազգային կապիտալի շուկայի ներդրողների համար եւ որոշակիորեն տեսանելի է նաեւ միջազգային գործընկերների արձագանքներում։

«Սրանով ՀՀ համար անմիջապես հասանելի է դարձել մոտավորապես $37 մլն ծավալով բյուջետային միջոցներ, ինչպես նաեւ շուրջ $70 մլն հաջորդ տարվա համար՝ ճշգրտման հնարավորությամբ»,- ասել է ԿԲ նախագահը։
Դիտում՝ 1812
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW