ԱՄՀ-Ն հաստատել է ՀՀ-ի հետ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները

14.12.2020 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #ԿԲ
Դեկտեմբերի 11-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ համատեղ եռամյա ծրագրի գնահատման երրորդ փուլի արդյունքները, ինչի արդյունքում Հայաստանի համար հասանելի են դարձել 25․714 միլիոն ՀՓԻ (շուրջ 36․7 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ։

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) փոխանցմամբ՝ համատեղ ծրագրի ներքո հատկացվել են 231․657 մլն ՀՓԻ (շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով վարկային միջոցներ։

ԱՄՀ գնահատմամբ` դրամավարկային քաղաքականությունը եղել է ըստ անհրաժեշտության ընդլայնողական՝ աջակցելով տնտեսությանը և պահպանելով բանկային համակարգի իրացվելիությունը, իսկ գնաճը պահպանվել է ցածր մակարդակում։

«Այնուամենայնիվ, ՀՀ կենտրոնական բանկը պետք է ուշադիր հետևի շուկաների զարգացումներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ճշգրտել դրամավարկային քաղաքականությունը մակրոտնտեսական կայունությունը ապահովելու համար՝ պահպանելով փոխարժեքի ճկունությունը գնաճի նպատակադրման շրջանակներում ցնցումները կլանելու համար։

Չնայած ֆինանսական համակարգը սթրեսի նշաններ ցույց չի տվել, Կենտրոնական բանկը պետք է շարունակի բացահայտել ֆինանսական համակարգում առկա պոտենցիալ խոցելիություններն ու ռիսկերը և պատրաստ լինի ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ ֆինանսական կայունությունը ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱՄՀ խորհրդի անդամները դրական են արձագանքել այն հանգամանքին, որ սոցիալ-տնտեսական ցնցումները նշանակալի բացասական ազդեցություն չեն թողել ֆինանսական համակարգի վրա։ Վերջիններիս դիտարկմամբ՝ ֆինանսական ոլորտի բարեփոխումները, որոնց մի մասը դեռևս ընթացքի մեջ են, կնպաստեն տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ աճին:
Դիտում՝ 1670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW