Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է իրագործել ամբողջ Արցախի, այդ թվում՝ Շուշիից, Հադրութից եւ օկուպացված այլ տարածքներից տեղահանված երեխաների ամանորյա երազանքները: Հարյուրավոր արցախցի երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա ցանկություններն ու երազանքները: Նամակներն ընդունվել են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը: Նախաձեռնությանը միանալու կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից, որոնց շնորհիվ հավաքագրվել է շուրջ $22 հազ.՝ երեխաների երազանքներն ի կատար ածելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի 15-ը ներառյալ:«Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերների փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաեւ նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ եւ այլն»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը: Նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, քանի որ առաջին իսկ օրից նրանց են միացել ինչպես անհատ բարերարներ, այնպես էլ կազմակերպություններ Հայաստանից, արտերկրից եւ Սփյուռքից:«Արցախի հազարավոր երեխաների համար, ովքեր սարսափելի պատերազմի հետեւանքով, ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ոմանք կորցրել են իրենց հարազատներին, սա լինելու է իրենց կյանքի ամենատխուր Ամանորը: Նրանց կյանքում մի փոքր ուրախություն բերելու նպատակով, մենք որոշեցինք մեկնարկել այս նախաձեռնությունը, որն անմիջապես դրական արձագանք ստացավ: Օր-օրի աճում է արցախցի երեխաների համար նվերներ ուղարկող մարդկանց թիվը: Մենք շատ շնորհակալ ենք եւ ուրախ, որ մեր նախաձեռնությունն աջակցությունն է ստանում»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Մարգարիտա Վարդանյանը:«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը: Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է հետեւյալ հղումով ընտրեն արցախցի երեխաների նամակներից որեւէ մեկը:Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչեւ տոների ավարտն ընկած ժամանակահատվածում: Tweet Դիտում՝ 5205