Կանադական կենսադեղագործական Մեդիկագո ընկերությունը, որը 30%-ով պատկանում է Ֆիլիպ Մորրիսին, հայտարարել է, որ կարող է տրամադրել կորոնավիրուսի դեմ 76 մլն չափաբաժին պատվաստանյութ։ Գործարքն ենթակա է հաստատման Կանադայի առողջապահության նախարարության կողմից։Մեդիկագոն Ֆիլիպ Մորրիսին մասամբ պատկանող կենսադեղագործական ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Քվեբեքում։ Վերջերս Մեդիկագոն հանդես եկավ հայտարարությամբ, որ համաձայնության է եկել Կանադայի հանրային ծառայությունների եւ գնումների վարչության հետ՝ տրամադրելու կորոնավիրուսի դեմ մինչեւ 76 մլն պաստվաստանյութի սրվակ։ Նույն գործընթացի շրջանակներում կանադական դաշնային կառավարության նորարարության, գիտության ու տնտեսական զարգացման բաժինը $131 մլն կտրամադրի Մեդիկագոյին՝ աջակցելու պատվաստանյութի ընթացիկ մշակմանն ու կլինիկական փորձերին։Ֆիլիպ Մորրիս ընկերության գործադիր տնօրեն Անդրե Կալանցոպուլոսն այս առթիվ նշել է․ «Մենք ողջունում ենք կանադական կառավարության երկու ստորաբաժանումների եւ Մեդիկագոյի միջեւ հաստատված համագործակցությունը` միտված կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ավելի լավ արդյունքների միշտ էլ հասնում են այն ժամանակ, երբ կառավարություններն ու մասնավոր ընկերությունները միավորում են իրենց ջանքերը, որպեսզի հասնեն համընդհանուր նպատակների։ Մենք ուրախ ենք աջակցել Մեդիկագոյի աշխատանքին՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելուն, գնահատմանը, արտադրելուն ու հասանելի դարձնելուն»։Հարկ է նշել, որ Մեդիկագոն պատվաստանյութի մշակման նորարարական մեթոդ է օգտագործում։ Պատվաստանյութ մշակելիս՝ հավի ձվի փոխարեն օգտագործվում է ծխախոտաբույսը, այլ կերպ ասած՝ թութունը։ Վիրուսանման մասնիկները ներարկվում են բույսից վերցված ագրոբակտերիաների մեջ, եւ դրանք, չտարբերելով այդ մասնիկները իրական վիրուսից, սկսում են հակամարմիններ ձեւավորել։ Վիրուսանման մասնիկները վարակի գենետիկական նյութ չեն պարունակում եւ անվնաս են։ Ագրոբակտերիաների կողմից արտադրված սպիտակուցները, իրենց հերթին, հետագայում օգտագործվում են որպես պատվաստանյութ։ Գործընթացը շատ ավելի արագ է, քան հավի ձվի օգտագործմամբ պատվաստանյութի ստեղծումը։ Մեդիկագոն թեստավորման առաջին փուլը մեկնարկել է 2020թ. հուլիսի 14-ին, երկրորդը՝ նոյեմբերի սկզբին։ Եթե այն եւս հաջողությամբ պսակվի, երրորդ փուլը կսկվի արդեն դեկտեմբերի 20-ին։ Tweet Դիտում՝ 2267