Արցախցի երեխաներն այցելել են «Աթենք» գործարան

30.10.2020 | 19:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#8 18 Special Edition Consulting #«Աթենք» #Արցախ

Հոկտեմբերի 26-ին մեկնարկել է «Իմ ապագան իմ ձեռքերում է» արցախցի երեխաների մասնագիտական կողմնորոշմանն օգնելուն ծրագրի երկրորդ փուլը:

Ծրագիրը նախաձեռնել է 8 18 Special Edition Consulting ընկերության հիմնադիր Նանա Հովհաննիսյանը՝ Արցախի ԿԳՄ նախարարության հետ համատեղ։ Նախագծի ընթացքում երեխաներն այցելում են նաեւ տարբեր մասնագիտական, կրթական ու արտադրական ընկերություններ: Այս անգամ արցախցի պատանիներին իր գործարաններից մեկում հյուրընկալել էր մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը:



Պատանիները շրջայց են կատարել «Աթենք»-ի գործարանում, անձամբ հետեւել  երշիկի եւ կիսաֆաբրիկատների պատրաստման ամբողջ գործընթացին՝ հումքի մշակումից մինչեւ պատրաստի արտադրանքի փաթեթավորում:

Գործարանի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Անանյանն ու «Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանը ներկայացրել են մսամթերքի պատրաստման նրբություններն ու գաղտնիքները, մսամթերքի սպառման առանձնահատկությունները: Այնուհետեւ երեխաները հարց-պատասխան ձեւաչափով քննարկել են արտադրության եւ մսամթերքի շուկային վերաբերող, ինչպես նաեւ մարքեթոլոգի, վաճառքի պատասխանատուների, տեխնոլոգի մասնագիտություններին վերաբերող հարցեր, ծանոթացել դրանց  պահանջվող հմտություններին ու որակավորումներին:



«Աթենք» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ստեփան Ճորուխյանի հավաստմամբ նման ծրագրերը երեխաների համար կարեւոր են հատկապես կյանքի այս փուլում.

«Ողջունելի է  նմանատիպ  ծրագրերի իրականացումը, քանի որ պատանիները հենց այս տարիքից պետք է ծանոթանան շուկային ու բիզնես միջավայրին, իմանան թե ինչ արժեքներով են առաջնորդվում ընկերությունները շուկայի, տնտեսության զարգացման եւ աշխատակիցների հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Կարեւոր է նաեւ, որ երեխաները հնարավորություն ունենան շփվելու, հարցեր ուղղելու արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած մասնագետների հետ, եւ պատկերացում կազմեն յուրաքանչյուր մասնագիտության ու աշխատանքի վերաբերյալ»:
 
«Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Անանյանն էլ նշել է․ «Շրջայցի ընթացքում երեխաներին ներկայացրինք ամբողջ արտադրությունն ու դրանում կիրառվող սկզբունքները, ասեմ որ երեխաները, իսկապես, մեծ սիրով եւ ուշադրությամբ էին հետեւում աշխատանքային ընթացքին, հետաքրքիր հարցեր ուղղում։ Կարծում եմ այս այցելությունը նրանց կօգնի հետագայում նոր մասնագիտությունների ուսումնասիրման եւ կողմնորոշման հարցում»։



«Իմ ապագան իմ ձեռքերում է»  ծրագրի նախաձեռնող Նանա Հովհաննիսյանի կարծիքով՝ նմանատիպ կառույցներ այցելելը երեխաներին օգնում է է´լ ավելի լավ պատկերացում կազմել միանգամից մի քանի մասնագիտությունների եւ հատկապես բիզնես շուկայի մասին.

«Ծրագիրը մեկնարկելու պահից ի վեր բազմաթիվ կազմակերպությունների աջակցությունն ենք ստացել, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում: Մեր բոլոր գործընկեր կազմակերպություններից ցանկացածը հետաքրքիր է յուրովի է, այս գործարանը եւս: Երեխաներն այստեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ արտադրության բարդ եւ պատասխանատու գործընթացին»:

Ծրագրի մասնակիցներից արցախցի Ավագիմյան Անին ասում է, որ «Աթենք»-ի գործարանն այս ընթացքում այցելած հետաքրքիր վայրերից մեկն էր․

«Շատ հետաքրքիր էր գործարանում, քանի որ առաջին անգամ էինք տեսնում մսամթերքի պատրաստման ընթացքը։ Մեր պատկերացումներն ամբողջացան եւ ինչ-որ առումով նաեւ փոխվեցին գործարան այցելելուց հետո, եւ շատերիս համար արդեն պարզ դարձավ այս ոլորտի մասնագիտությունների էությունն ու կարեւորությունը»։



Երեխաներն «Աթենք»-ից հեռացան խորհրդանշական նվերներով: Ընկերության ղեկավար կազմը երկար է քննարկել, թե ինչ գիրք ընտրել, վստահ են, որ շատ լավ գրքեր կան, որոնք պետք է կարդալ, բայց Նապոլեոն Հիլլի «Մտածիր եւ հարստացիր»-ը պատանիների աշխարհայացքում շատ բան կփոխի, կլայնացնի մտահորիզոնը, կօգնի լինել սկզբունքային ու միշտ պայքարող, կսովորեցնի երբեք չհանձնվել ու միշտ նայել առաջ՝ դեպի պայծառ ապագա։

«Իմ ապագան իմ ձեռքերում է» Ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր հոկտեմբերի 19-ին, ամփոփվել՝ հոկտեմբերի 23-ին, իսկ երկրորդը կավարտվի հոկտեմբերի 30-ին:

Դիտում՝ 3799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW