«Իմ ապագան իմ ձեռքերում է». հատուկ ծրագիր արցախցի պատանիների համար

26.10.2020 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#8 18 Consulting #Նանա Հովհաննիսյան
Արցախից ժամանած պատանիները մասնակցել են «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրին, որը նախաձեռնել է 8 18 Consulting ընկերության հիմնադիր Նանա Հովհաննիսյանը, նրա համախոհների ու Արցախի Հանրապետության Կրթության, գիտության եւ մշակույթի (ԿԳՄ) նախարարության հետ համատեղ:

Ծրագրի  նպատակն է օգնել պատանիներին ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում,  ձեւավորել ապագային միտված պրոակտիվ մտածելակերպ:

«Այս դասընթացի սկզբին բավականին մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունեի, որոնք բոլորն արդարացան. ձեռքբերված գիտելիքներն ու հմտություններն օգտակար են լինելու կյանքի բոլոր փուլերում ու բնագավառներում: Ծրագրի ավարտին հասկացա, որ ճիշտ ուղիով եմ ընթանում եւ վերջնականապես համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»,- նշել է ծրագրի մասնակից 16-ամյա Անգելինա Բալայանը:

Նախագծի հեղինակ Նանա Հովհաննիսյանը հիշում է՝ գաղափարը ծագեց պատերազմը սկսվելուց մի քանի օր անց, հերթական քոուչինգ դասընթացի ժամանակ, երբ մասնակիցները սովորում էին՝ պլաններ կազմելու ապագան ձեւավորելու գործիքները: Անորոշ իրավիճակ էր, բայց գիտակցում էին, որ պետք է ուժերի ներածին չափով, որեւէ կերպ աջակցել Արցախին ու արցախցիներին, եւ որոշեցին, որ լավագույն տարբերակներից մեկը ապագայի սերնդին՝ պատանիներին օգտակար լինելն է:  



«Այսօր յուրաքանչյուրս իր առաքելությունն ունի. զինվորը պահում է առաջնագիծը, իսկ մենք պետք է ամուր ու անսասան պահենք թիկունքը, շարունակենք երազել, սահմանել նպատակներ ու հստակ քայլերով գնալ դեպի դրանց իրականացում: Մեր երիտասարդներն ու պատանիներն են կերտելու մեր հաղթական ապագան, ապագան հենց նրանք են: Պատանիներին աջակցելու նպատակով որոշեցինք օգտակար լինել՝ կիսվելով մեր գիտելիքներով ու փորձով: Ծրագիրը շատ արագ կազմվեց, կապ հաստատեցինք Արցախի Հանրապետության Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարության հետ, տիկին Ղարախանյանը մեծ ոգեւորությամբ ընդունեց համագործակցության առաջարկը: Ժամերի ընթացքում մի շարք գործընկերներից արագ արձագանքներ ստացանք, ովքեր միացան մեր նախաձեռնությանը՝ առաջարկելով իրենց օգնությունն ու աջակցությունը: Ծրագրի հայտարարությանն արագ արձագանքեցին նաեւ պատանիները. առաջին խումբը հավաքվել է ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Ուժեղ, տաղանդավոր ու յուրահատուկ մտածելակերպով, ֆանտաստիկ երեխաներ են բոլորը: Նրանք հասուն մարդու նման գիտակցում են պահի լրջությունն ու կարեւորությունը, սակայն դրա հետ մեկտեղ հասկանում են նաեւ, որ ամեն ինչ դեռ առջեւում է, եւ ոչ միայն իրենց, այլեւ երկրի ապագան է հենց իրենց ձեռքերում: Այս հասուն ու հաստատակամ պատանիներն ունեն խոստումնալից նպատակներ եւ հետեւողականորեն քայլում են դեպի դրանց իրագործում: Հաղթանակած սերունդը հենց այսպիսին է լինում»,- նշել է Նանա Հովհաննիսյանը:

Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանի հավաստմամբ՝ ծրագիրը կառուցված էր ճիշտ ու նպատակային, իսկ ծրագրի արդյունքներն ավելի լավ արտահայտում են հենց երեխաների ոգեւորությունն ու դրական կարծիքները.

«Ծրագրի արդյունքները կարելի է համարել ոչ թե բավարար, այլ գերազանց: Ամեն բան համամասնորեն էր կառուցված՝ թե´ տեսական ու գործնական դասընթացները եւ թե´ երեխաների ժամանցն ապահովող, արվեստի ու մշակույթի բնագավառների հետ առնչվող բազմաբնույթ հանդիպումների կազմակերպումը: Խորին շնորհակալություն եմ հայտնում այս նախագծի գաղափարի հեղինակներին եւ բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են ծրագրի կայացմանը: Նրանց շնորհիվ մեր պատանիները ոչ միայն օգտակար գիտելիքներ են ստացել, այլեւ ինչ-որ կերպ թոթափել են պատերազմական քրոնիկոնը: Քանի որ երեխաները շատ ոգեւորված ու հետաքրքրված են ծրագրով, մեկնարկում ենք նաեւ երկրորդ փուլը: Կրթության ոլորտը չպետք է որեւէ կերպ տուժի, եւ նման նախագծերով մենք պետք է ժամանակն ի նպաստ օգտագործենք մեր երեխաների կրթական գործընթացի անխափան իրականացմանը»:  
 



«Իմ ապագան իմ ձեռքերում է» քառօրյա ծրագիրը երկու մասից է բաղկացած: Տեսական հատվածում պատանիներն ունենում են հագեցած ու արդյունավետ հանդիպումներ փորձառու դասընթացավարների, տարբեր ոլորտի մասնագետների հետ, ձեռք բերում անհրաժեշտ ու կարեւոր գիտելիքներ, սովորում ցանկությունն իրական արդյունքի վերածելու հմտություններն ու գաղտնիքները: Իսկ գործնական փուլում երեխաներն այցելում են մասնագիտական, կրթական ու արտադրական տարբեր հաստատություններ, հենց բիզնեսի ղեկավարների հետ ունենում անմիջական զրույց-քննարկում, ուղղում իրենց հետաքրքրող հարցերը: Ծրագիրը երեխաներին օգնում է սահմանել նպատակներ, տիրապետել դրանք արդյունավետորեն կյանքի կոչելու գործիքներին, ստեղծել ու ձեւավորել իրենց ապագան, եւ միշտ նայել առաջ՝ ոչ թե զոհի, այլ հաղթողի աչքերով ու տեսանկյունից:

Ծրագրի մեկ այլ մասնակից Գրիգորի Դանիելյանը, ով որոշել է բժիշկ դառնալ, նշել է, որ 4 հագեցած ու հետաքրքիր օր են ունեցել, համատեղել են հաճելին օգտակարի հետ.

«Մասնագիտությունս դեռ վաղուց եմ ընտրել, շատ լավ գիտակցում եմ բժշկի աշխատանքի դժվարությունն ու կարեւորությունը, գիտեմ թե ինչ մեծ պատասխանատվություն եմ  ստանձնելու, բայց ես  հստակ քայլերով գնում եմ դեպի իմ նպատակի իրականացում: Շատ ուրախ եմ, որ նման լավ կազմակերպված  ու հետաքրքիր  ծրագրի մասնակցեցի, որովհետեւ այն օգնեց ձեռք բերել գիտելիքներ ու կարողություններ, որոնք ինձ միանշանակ պետք են գալու: Բայց այս ընթացքում  ամենակարեւոր ձեռքբերումներիցս նաեւ 13 նոր ընկերներն են, որոնց հետ  շփումը հետագայում էլ կշարունակվի»:

Ծրագրի հեղինակ Նանա Հովհաննիսյան, Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյան


Խոսելով ծրագրի շարունակականության մասին՝ Նանա Հովհաննիսյանը հավելեց.

«Արդեն մեկնարկել են երկրորդ խմբի դասընթացները, եւ ամեն օր նոր դիմումներն ավելանում են: Քանի որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներից շատերը տեղակայված են նաեւ մարզերում, մենք փորձում ենք  ապահովել նաեւ այնտեղի երեխաների մասնակցությունը, եւ որքան հնարավոր է շատ պատանի ներգրավված լինի ծրագրում»:

Ծրագրի առաջին փուլի ավարտին ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն ու Նանա Հովհաննիսյանը երեխաներին հանձնեցին մասնակցության վկայագրեր:

«Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին փուլը  մեկնարկել էր սույն թվականի հոկտեմբերի 19-ին: Երկրորդ խմբի դասընթացները սկսվում են այսօր՝ հոկտեմբերի 26-ին:
Դիտում՝ 6469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW