Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում՝ հայկական գինու փառատոնի ժամանակ տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը: «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների եւ փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է կրթական եւ մարքեթինգային ծրագրերի միջոցով խթանել հայկական գինիների վաճառքը Ռուսաստանի խոշոր քաղաքներում: «Ռուսաստանի սոմելյեների եւ փորձագետների միությունը եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանում հայկական գինիների խթանման ծրագրի իրականացման վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք հնարավորություն համատեղ ջանքերով եւ պետության օժանդակությամբ զբաղվել հայկական գինիների խթանումով՝ ցույց տալով, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում հայկական գինին»,- նշել է Ռուսաստանի սոմելիեների եւ փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը: «Ռուսաստանը հայկական գինու սպառման խոշորագույն շուկան է, որտեղ, չնայած բավականին ագրեսիվ մրցակցության, կա նաեւ հայկական գինիների սպառման մեծ ներուժ, որը պետք է օգտագործել: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք համախմբել մեր եւ Ռուսաստանի մեր գործընկերների ուժերը եւ ակտիվ զարգացնել այս ուղղությունը»,- նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը: «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: ՌՍՓՄ-ն կուսումնասիրի գինու ռուսաստանյան շուկան, որից հետո, հիմնադրամի հետ համատեղ, կմշակի մարքեթինգային ռազմավարություն եւ կկազմի խթանման գործողություների պլան: Tweet Դիտում՝ 1663